Կորոնավիրուսի ի՞նչ ռիսկեր կան ՀՀ-ում. Չինաստանում մահացու հիվանդությունը չի նահանջում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

Չինաստանում շնչառական նոր վարակը՝ կորոնավիրուսը չի նահանջում։ Վարակակիրներն ավելանում են ամեն ժամ, զոհերի թիվը հասել է 132-ի, վարակվածների թիվը մոտ 6000 է կազմում: 

Կորոնավիրուսի օջախը Հուբեյ նահանգի Ուհան քաղաքն է, որն օրեր շարունակ մեկուսացված է, իսկ սպառվող մթերքի և դեղորայքի պատճառով միլիոնավոր բնակիչներ խուճապի մեջ են։ 

Գիտականորեն ապացուցվել է, որ վիրուսի փոխանցման գործոն հիմնականում դարձել են ծովամթերքից և օձից պատրաստված թեթև նախուտեստները։ 

Ներկայումս շարունակվում են տարբեր երկրների փորձերը՝ տարհանելու իրենց քաղաքացիներին Հուբեյ նահանգից: Հունվարի 29-ի առավոտյան 240 ամերիկացի է տարհանվել Ուհանից: ՀՀ արտգործնախարարության տվյալներով Ուհանում 6 հայ է ապրում։

Սրան զուգահեռ Ուհանի քաղաքապետն օրեր առաջ հարցազրույցում խոստովանել է, որ Կորոնավիրուսի մասին ինֆորմացիան ավելի շուտ հանրայնացնելու դեպքում հնարավոր կլիներ խուսափել վտանգավոր հետևանքներից։  

Վարակակիրների թիվն աճում է նաև Չինաստանի սահմաններից դուրս, վարակման դեպքեր են գրանցվել նաև մեկ տասնյակից ավելի երկրներում, այդ թվում՝ Ավստրալիայում, Հարավային Կորեայում, Սինգապուրում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և այլուր։ 

Հոնգ կոնգում բուժաշխատողները պահանջում են փակել Չինաստանի հետ սահմանը և սպառնում են գործադուլ անել։ Չինաստանի հետ սահմանն արդեն փակել են Մոնղոլիան, Ղրղզստանը և Հյուսիսային Կորեան։

Չինաստանում Հայաստանի դեսպանությունն անմիջական կապի մեջ է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում գտնվող Հայաստանի քաղաքացիների հետ։ Այս պահի դրությամբ վարակվածների շրջանում Հայաստանի քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա։

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի խոսքով՝ նոր կորոնավիրուսի տարածման համար Հայաստանը համարվում է ցածր ռիսկային երկիր:

ՀՀ արտաքին գործերի և առողջապահության նախարարությունները քաղաքացիներին կոչ են արել մինչև իրավիճակի հանգուցալուծումը հրաժարվել Չինաստան այցերից։