Նիկոլ Փաշինյանը Հայաստանին նվիրված բանաստեղծություն է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

Նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կրկին ներկայացրել է Հայաստանին նվիրված բանաստեղծությունը, որը հրապարակվել էր նաև սեպտեմբերի կեսերին։

«Հայաստանը մի երկիր է, ուր ճամփեքն են մոլորվում,

Խորովածի կրակի շուրջ ընկերներն են բոլորվում,

Հայաստանը մի երկիր է, ուր աշունը ջինջ է, տաք,

Ու շողում են խաղողի մեջ գինիները անապակ:

Հայաստանը մրգաստան է, այգեստան է ծիրանի,

Չոր լավաշով լի մառան է, զնգուն զարկ է զնդանի,

Հայաստանը յարխուշտա է, քոչարի է, հորովել,

Զուռնա-դհոլ, թառ ու դուդուկ, անցյալում կորած ծովեր։

Հայաստանը ինքնություն է, վառ օջախ է հայրական,

Ում տենչում ես երբ պարտված ես, եւ կամ հերոս հաղթական,

Հայաստանը ժողովուրդ է՝ ընտանիք է աղմկոտ,

Քրոջ պսակ, եղբոր արցունք, մայրական անշեջ կարոտ:

Հայաստանը Թումանյան է, Թամանյան է, Կոմիտաս,

Արամ Մանուկյան, Սարյան է, Համարձումյան է, Մինաս,

Հայաստանը Տիգրան Մեծ Է, սուրբ Մաշտոց է ու Նարեկ,

Պապ թագավոր, Ձենով Օհան, Խորենացի, Դավիթ Բեկ։

Հայաստանը Նորավանք է, Գանձասար է, Աղթամար,

Ֆիդայի նահատակներ են, որ ընկան Երկրի համար:

Հայաստանը Երեւան է, Արտաշատ, Դվին, Անի,

Հայաստանը պատմություն է, որ ոչ սկիզբ, ոչ վերջ ունի»: