ԵՄ-ն կանգնած է դարակազմիկ մարտահրավերի առջև, որից կախված է նաև աշխարհի ապագան. Հռոմի պապ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

հռոմ
The Guardian-ը գրում է, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Զատկի պատարագին հաջորդած ուղերձում նախազգուշացրել է կորոնավիրուսի պայմաններում զերծ մնալ «եսասիրությունից»՝ Եվրամիությանը կոչ անելով համերաշխություն դրսևորել ճգնաժամային իրավիճակում:

«Եկեք բաց չթողնենք մեր համերաշխությունը ևս մեկ անգամ ապացուցելու հնարավորությունը։ Միակ այլընտրանքը կոնկրետ շահերի եսասիրությունն է և դեպի անցյալ վերադառնալու գայթակղությունը, ինչը լուրջ վնաս կհասցնի խաղաղ գոյակցությանը և ապագա սերունդների զարգացմանը»,-ասել է պոնտիֆիկոսը։

Հռոմի Ֆրանցիսկոս պապը նաև կոչ է արել քաղաքական առաջնորդներին աշխատել համընդհանուր բարօրության համար՝ նշելով, որ ԵՄ-ն կանգնած է դարակազմիկ մարտահրավերի առջև, որից կախված է ոչ միայն իր, այլև ամբողջ աշխարհի ապագան:

«Կորոնավիրուսով ախտահարված աշխարհի շատ շրջաններից հատկապես առանձնացնում եմ Եվրոպան։ Այս սիրելի մայրցամաքը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո համերաշխության ոգու շնորհիվ կարողացավ կրկին բարձրանալ, ինչը նրան թույլ տվեց հաղթահարել անցյալի մրցակցությունը։ Հիմա ավելի քան երբևէ անհրաժեշտ է, որ այդ մրցակցությունը չվերականգնի իր ուժը, և որ բոլորն իրար ճանաչեն որպես միասնական ընտանիքի մաս և աջակցեն միմյանց»,-ասել է Հռոմի պապը: