Ընդունում եմ իմ սխալը, որ ելույթի ժամանակ պետք է զսպեի իմ ջղայնությունը. Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կեսգիշերին ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան եթերից հետո ինքն էլ ուղիղ եթեր մտավ՝ հայտարարելով, որ ցավալի է համարում այն, ինչ տեղի ունեցավ Ազգային ժողովում։ 

«Այն արտահայտությունը, որի համար ինձ քննադատում եք՝ կապված տիկին Սամսոնյանի հետ, որը ես արել եմ, ես համարում եմ սխալ և ընդունում եմ իմ սխալը, որ ելույթի ժամանակ ես, այնուամենայնիվ, պետք է զսպեի իմ ջղայնությունը, թեև ոչ մի շատ վատ բան վերագրող բան նկատի չեմ ունեցել։ Միգուցե դա եղել է զուտ ջղայնությունից դրդված եւ ոչ մի ամոթ բան չեմ տեսնում, որ ես հիմա՝ որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, հայ տղամարդ, ասում եմ եթերով իմ հակառակորդին, նույնիսկ այն հակառակորդին, որը ոչ այնքան լավ է արտահայտվում ամբիոնից, նման արտահայտություն եմ արել, ներողություն եմ խնդրում», ասել է Ալեն Սիմոնյանը, ապա հավելել, որ, այնուամենայնիվ, հնչած սեռական բնույթի վիրավորանքին չէր կարող չպատասխանել, և որ միջադեպը եղավ իր՝ հակադարձելու տրամաբանությունից, որի համար արդեն հանրությանը ասել է, որ ցավում է, որ նման իրավիճակը եղավ: 

«Ինչ վերաբերում է քաղաքականությանը, այո՛, ես բավականին հաճախ հանդես եմ գալիս կոշտ և սուր ելույթներով, այդ ելույթները շարումակվելու են, որովհետև հավատում եմ այն գործին, ինչը անում եմ»,-ասել է Ալեն Սիմոնյանը:

Նշենք, որ ավելի վաղ ԱԺ-ում երեկ տեղի ունեցած միջադեպի մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տհաճ ու ոչ ցանկալի էր որակում։ 

«Իմ մեղքն այն է, որ ես առաջարկ եմ արել ու լոբինգ եմ անում դրա համար։ Տեսան բովանդակային քննարկում չի ստացվում, ի դեպ, ընդհանրապես էս խորհրդարանում բովանդակային քննարկում չի ստացվում, սիրելի՛ հայրենակիցներ... Մի հատ ճեպազրույցի ժամանակ վիրավորեցին, ելույթներով վիրավորեցին, համբերությանս բաժակը լցվեց, երբ ամբիոնից էլի վիրավորական ելույթ էր հնչում իմ, գործընկերների հասցեին, և սուտ էր պատմվում՝ իբր օգնության չենք հասել։ Դա սուտ էր, մենք Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվել էինք այդ օրերին»,-որպես միջադեպի պատճառ նշել է Մարուքյանը՝ հավելելով, որ իր գործընկերոջ հասցեին էլ հնչած սեքսիստական բնույթի հայտարարությունն իրեն հունից հանել է։