Հեռավար ժողով՝ 234 աշխատողների մասնակցությամբ. ԱԱՏՄ-ն ամփոփել է տարին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

1

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տարին ամփոփել է տարեկան հեռավար ժողովով, որին մասնակցել են գլխամասի, ԱԱՏՄ տարածքային 5 կենտրոնների, սահմանային բժշկասանիտարական հսկիչ 7 կետերի շուրջ 234 աշխատողները։ Այս մասին տեղեկացնում է ԱԱՏՄ ֆեյսբուքյան էջը:

ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը նկատել է, որ 2020-ը բացառիկ ծանր տարի էր, և այս պայմաններում ԱԱՏՄ թիմը գերծանրաբեռնված իր աշխատանքում պատասխանատու մոտեցում է ցուցաբերել։

Ավագյանը շնորհակալություն է հայտնել ԱԱՏՄ ողջ թիմին ահռելի աշխատանքի, պատասխանատվության, բարեխիղճ գործակցության ու տարին պատվով ավարտելու համար՝ թիմային աշխատանքը գնահատելով գոհացնող։

Հատուկ շնորհակալություն է ուղղվել ՍԲՀԿ-ների բոլոր աշխատողներին անխտիր․ «նրանց բոլորի մոտ տոնական օրերը սովորական աշխատանքային օրեր են, սովորական հերթապահություն: Սովորական, սակայն չափազանց կարևոր աշխատանք»։
Ավագյանի շնորհակալությանն ու ԱԱՏՄ արհեստակցական միության շնորհակալագրերին են արժանացել տեսչականի տասնյակ աշխատողներ, որոնց որդիները մասնակցել են մարտական գործողություններին, որոնք ներգրավված են եղել կազմակերպչական և մարդասիրական առաքելությամբ Արցախ մեկնած խմբում և կամավորական աշխատանքներում։
Հատուկ շնորհակալություն է ուղղվել ողջ տարվա ընթացքում համավարակի տարածման կանխարգելման, Covid-անվտանգության ստուգայցերի գերծանրաբեռնված աշխատանքներում ներգրավված ԱԱՏՄ աշխատողներին և տեսուչներին։

«Մի շարք ծրագրեր, ցավոք, իրավիճակի բերումով հնարավոր չի եղել իրականացնել, մասնավորապես, ՍԲՀԿ-ներում տեխնիկական հարցերի լուծման առումով․ դրանք մնում են որպես եկող տարվա անելիք»,- ասել է Ավագյանը։

«Կարգապահություն ու փոխադարձ հարգանք՝ սա է տեսչականի թիմային աշխատանքի հիմքում։ Մեր նպատակը հստակ է՝ օրենքով սահմանված կարգով ազնիվ, արդար և պատշաճ ծառայության իրականացում։ Մեր պայքարի ձևն աշխատանքն է։ Ունենք լուրջ անելիքներ ու պատասխանատվորեն պետք է իրականացնենք դրանք»,-ընդգծել է ԱԱՏՄ ղեկավարը։

--00—ԼՄ