2019-ին Ֆրանսիայում բենզինի հարկը չի բարձրանա․ խորհրդարանի ստորին պալատն ընդունեց փաթեթը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 6, 24News

Thumbnail

Ֆրանսիայում վառելիքի հարկը չի բարձրանա 2019 թվականի ընթացքում: Այդ մասին հայտարարել է երկրի բնապահպանության նախարար Ֆրանսուա դը Ռուժին՝ BFM հեռուստաընկերության ուղիղ  եթերում: 

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը չորեքշաբթի հաստատել է կառավարության առաջարկած հարկային միջոցառումների փաթեթը: Այժմ խորհրդարանի վերին պալատը պետք է արտահայտի իր դիրքորոշումն այս հարցում: 

Հիշեցնենք, որ երեքշաբթի Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը խոստացել էր ընդառաջ գնալ ցուցարարների պահանջին և 6 ամսով հետաձգել վառելիքի՝ հունվարի 1-ից ծրագրված թանկացումը: Դա արվելու էր «դեղին անթև բաճկոնների»` նոյեմբերի 17-ից շարունակվող բողոքի զանգվածային ակցիաներին, փողոցային անկարգություններին վերջ տալու նպատակով: 

Հատկանշական է, որ երեք շաբաթ առաջ, երբ բողոքի ակցիաները դեռ նոր էին սկսվել, վարչապետն ու նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարում էին վառելիքի գների բարձրացման որոշման անբեկանելի լինելու մասին: