Հայաստանը երբեք այդքան ցինիկ ղեկավար չի ունեցել, որ վաճառում է հայրենիքը. Վազգեն Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

Հրավիրված հավաքին մասնակցողները 50 հոգի կլինեն, թե 5 000, նշանակություն չունի: Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: 

«Այսօր հրավիրել եմ հավաք` հարցեր քննարկելու համար: Հրատապ իրավիճակ եղավ, երբ պարզվեց` այն, ինչ մենք չէինք հասկանում ամիսների ընթացքում` ինչ է կատարվում Սյունիքում, պարզվեց` մեր մեջքի հետևում նոր կապիտուլյացիոն պայմանագիր էլ է կնքված, որի արդյունքում թղթակիցներին թույլ չտրվեց այնտեղ լուսաբանել: Մեր հայրենիքը շարունակում է իր ճանապարհը դեպի կործանում»,- ասաց նա:

Հարցին՝ նախապես հայտարարված ընտրությունների տեղի չունենալու պայմաններում ինչ են պատրաստվում անել, Մանուկյանը պատասխանեց.

«Ընտրությունները մենք չենք նշանակել, մենք կողմնակից ենք եղել, բայց՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո: Ինքը նախաձեռնություն ունեցավ, հայտարարեց, մենք առանձնապես բանի տեղ չդրինք, ինքն էլ նահանջեց. մեր նախագիծը մնաց նույնը` համաժողովրդական շարժումով իրեն փոխել»:

Մանուկյանից հետաքրքրվեցին՝ 2023 թ. կմասնակցի՞ ընտրություններին: 

«23 թիվը գիտե՞ք՝ ինչքան հեռու է, 23 թվին Աստված գիտի` Հայաստանը կլինի, թե չի լինի»,- ասաց նա:

Ըստ Մանուկյանի՝ պետք է ամեն ինչ անել, որ համաժողովրդական շարժում լինի, մարդիկ կան, որ կողմ չեն Փաշինյանին, բայց «հավես չունեն» պայքարելու, պետք է կարողանալ նրան փողոց հանել:

«Փաշինյանը իշխանությունից կամավոր չի հրաժարվի, նախ վախենում է` ինչ պատասխան է տալու, բացի այդ, չտես մարդիկ եկել են իշխանության և վայելում են, այդ իշխանությունը չեն տա»,- ասաց նա:

Մանուկյանի խոսքով՝ մեր պատմության մեջ հազարավոր տարիներ այսպիսի վիճակ չենք ունեցել, երբ երկրի ղեկավարն այսպես ցինիկ ձևով ամողջ երկիրը ոչնչացնում է և վաճառում:

--00--ԱԹ