ՍԴ-ի որոշման հիման վրա դատավոր Աննա Դանիբեկյանը կչեղարկի՞ Քոչարյանի քրգործը, թե՞՝ ո՛չ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

նկար

Րոպեներ անց Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), կշարունակվի սահմանադրական կարգի տապալման գործով քննությունը։

Մարտին 26-ին ՍԴ-ն անվավեր ու հակասահմանադրական է ճանաչել 300․1 հոդվածը, որով մեղադրվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ըստ ՍԴ-ի՝ հոդվածը հակասում է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին։ 

Սակայն դեռ հայտնի չէ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը ՍԴ-ի որոշման հիման վրա կչեղարկի՞ Քոչարյանի մեղադրանքը և սահմանադրական կարգի տապալման քրգործը կկարճվի՞, թե՞՝ ո՛չ։ Այդ մասով վերջին օրերին հրապարակվել են դարբեր կարծիքներ։ Օրինակ, ըստ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանի, Մարտի 1–ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու է, մինչդեռ Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը կարծում է՝ Սահմանադրական դատարանի որոշումը որևէ ազդեցություն չի ունենա Մարտի 1-ի գործի վրա, և այն չի կարճվի:

Հիշեցնենք, որ գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։

Վերջին՝ մարտի 23-ի նիստին, դատարանը հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, քանի որ պաշպանները լքել էին նիստերի դահլիճը: Պատճառն այն է, որ պաշտպանական կողմը առաջարկել էր հետաձգել նիստը մինչև ՍԴ-ի՝ 300․1 հոդվածի սահմանադրականության վերաբերյալ որոշման հրապարակումը։ Սակայն դատավոր Դանիբեկյանը թողեց դա առանց քննության։

--00—ԼՄ