Արմեն Գևորգյանը ոչինչ չգիտի 2008-ի մարտի 1-ի ժամանակ գաղտնի շտաբի գոյության մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 17, 24News

Վերաքննիչ դատարանում քննվում է 2008-ի մարտի 1-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու դեմ դատախազության վերաքննիչ բողոքը:

Դատական նիստի մեկնարկից առաջ Արմեն Գևորգյանը լրագրողներին ասել է, որ նախորդ ասածներին ավելացնելու բան չունի, իսկ անհրաժեշտ տեղեկություն իր պաշտպանները կհայտնեն:

Հարցին՝ ճիշտ է մամուլում շրջանառվող այն տեղեկություն, թե Արմեն Գևորգյանը 2008-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ գաղտնի շտաբի անդամ է եղել, որտեղ որոշումներն են կայացվել, Արմեն Գևորգյանն ասել է. «Ես սովորություն ունեմ մամուլի հրապարակումները չմեկնաբանել, ով հրապարակել է, իրենից էլ հարցրեք»:

Հարցին՝ Արմեն Գևորգյանը եղե՞լ է այդ շտաբի անդամ, վերջինս պատասխանել է. «Ես նմանատիպ կառույցի գոյության մասին տեղեկություն չունեմ: Մեկ անգամ ևս ուզում եմ ասել, որ գործը քննվում է դատարանում և երբ ավարտվի, բոլոր անհրաժեշտ տեղեկություններն իմ փաստաբանները կհայտնեն, այս պահի դրությամբ, նախորդ իմ ասածներից բացի, որևէ բան չունեմ ավելացնելու և պակասեցնելու», - ասել է Գևորգյանը և լրագրողներին խնդրել հաջողություն մաղթել իրեն:

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդված 3-րդ մասով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելը, ՀՀ ՔՕ-ի 38-300.1 հոդվածի հատկանիշներով՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելը, ինչպես նաև ՔՕ-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ առանձնապես խոշոր չափերով։