Սեյրան Օհանյանին թույլ չեն տալիս ծանոթանալ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի վերլուծությանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵՄՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Սեյրան Օհանյան

Իշխանությունները խուսափում են 44-օրյա պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծել, քանի որ չեն ցանկանում, որ իրենց իսկ թերությունները վեր հանվեն: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Դեռևս հուլիսին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողով է ստեղծվելու, սակայն այս հայտարարությունից անցել է շուրջ 5 ամիս, իսկ հանձնաժողովն ստեղծված չէ:

Ըստ Օհանյանի՝ քննիչ հանձնաժողովի ստեղծումը ձգձգվում է, քանի որ իշխանությունները չեն ցանկանում վեր հանել իրենց թերությունները.

«Խորհրդարանում այս 4 ամսվա աշխատանքի ընթացքում մենք չենք տեսել ինքնաքննադատական որևէ խոսք, իրենց կատարած աշխատանքը փայլուն են համարում: Երբ ստեղծվի քննիչ հանձնաժողով, ապա այն լինելու է Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի կազմում, որի տեղակալը պետք է լինի ընդդիմությունից, եւ այդ հանձնաժողովը պետք է գնահատական տա բոլոր այն մարմիններին, որոնք պետությունը՝ խաղաղությունից պատերազմի անցնելու միջոցառումների մեջ ինչ-որ գործառույթներ են ունեցել։ Պետք է գնահատական տրվի ԱԺ-ին և Պաշտպանության հանձնաժողովին, այս ամենը հաշվի առնելով նրանք փորձում են ձգձգել»,-ասաց Ս.Օհանյանը:

Մինչ քննարկվում է քննիչ հանձնաժողով ստեղծելու գաղափարը, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը ուշագրավ հայտարարություն է արել, որ զինված ուժերում փորձում են խմբագրել, կեղծել պատերազմական շրջանի հրամանները:

Անդրադառնալով այս հայտարարություններին՝ Սեյրան Օհանյանը նշեց, որ թեև հրաման կեղծելու մասին տեղեկություն չունի, սակայն ամեն ինչ սպասում է այս իշխանություններից.

«Այդ մասին ես չեմ խոսել, փառք Աստծո, բայց միևնույն ժամանակ կարող եմ ասել, որ ամեն ինչ կարելի է սպասել այս իշխանություններից, բայց նման հայտարարություններով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները»,-ասաց Օհանյանը:

ՊՆ նախկին նախարարը միևնույն ժամանակ շեշտեց, որ դեմ է բոլոր խնդիրների հրապարակային քննարկմանը, որոնք վերաբերվում են ռազմական գործողություններին, որտեղ նշվում են մարտական գործողությունների վայրերի, սպառազինության և ռազմական տեխնիկայի վերաբերյալ տվյալներ.

«Եվս մեկ անգամ հորդորում եմ իմ բոլոր մարտական և ծառայողական ընկերներին՝ հրապարակային այդպիսի քննարկումներ չանել, եթե կան նմանատիպ տեղեկություններ, ապա դրանք պետք է համապատասխան մարմիններում քննարկվեն՝ ՊՆ-ում և այլ կառույցներում: Այս մեկ տարվա ընթացքում պետք է ստեղծվեր միջգերատեսչական հանձնաժողով, որը պետք է գնահատական տար՝ ի՞նչ է կատարվել և որո՞նք են ընդհանուր թերությունները, բայց թե ռազմական կոնկրետ ի՞նչ գործողություններ են կատարվում փաստաթղթերի կեղծելու հետ կապված, ես տեղեկություններ չունեմ»,-ասաց Օհանյանը:

Իշխանության ներկայացուցիչները շատ են ցանկանում, որպեսզի քննիչ հանձնաժողովի կազմում ընդգրկված լինեն իրենց համար ցանկալի արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները:

Ըստ Օհանյանի՝ սա մեկ նպատակ ունի՝ հանրության ուշադրությունը շեղել այն բոլոր թերություններից որոնք եղել, և որոնց գնահատական է պետք է տրվեր:

Իշխանությունը քննիչ հանձնաժողովի ստեղծման գործընթացը ձգձգելու «մեղքը բարդում է ընդդիմության վրա»՝ պատճառաբանելով, թե ընդդիմադիր պատգամավորները չեն ներկայացրել գաղտնիության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավարը պնդեց՝պատճառը դա չէ, քանի որ ցանկացած մարդ, ԱԺ պատգամավոր դառնալիս, հատկապես այն երկրում, որտեղ խորհրդարանական վերահսկողություն է, միանգամից այդ բոլոր թույլտվությունները պետք է ունենա.

«Դա ավտոմատ պետք է լինի: Մեր պատգամավորների զգալի մասին, այդ թվում՝ ինձ, որն առաջինն է համապատասխան փաստաթղթեր ներկայացրել, թույլ չեն տվել ծանոթանալ գաղտնի փաստաթղթերին: Պատկերացնո՞ւմ եք՝ ապրիլյան պատերազմի հիմնական նյութերը, որ ՊՆ-ից տվել են՝ իմ՝ ՊՆ նախարար եղած ժամանակվա վերլուծությունն է, իսկ հիմա ինձ նույնիսկ թույլ չեն տալիս ծանոթանալ ապրիլյան պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի վերլուծությանը,սա աբսուրդ է, ասում են՝ քրեական գործեր կան հարուցված իմ նկատմամբ, դրա համար էլ թույլ չեն տալիս»,-ասաց Սեյրան Օհանյանը:

--00--ԱՀ