Ոչ թե իրագործվել է Ձեր երազանքը, այլ տեղական մակարդակում մարդիկ չեն ուզում տեսնել ձեր մեծախոսներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

8

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՏԻՄ ընտրությունների արդյունքի և այդ մասով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառման վերաբերյալ:

«Առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամփոփել է ՏԻՄ ընտրությունները և գոհունակությամբ փաստել, որ իրենց վաղեմի երազանքն իրագործվել է:

Քանի որ կային ժամանակներ, որ մենք՝ որպես դաշնակիցներ, միասին էինք քննարկում որոշ երազանքներ, պետք է նշեմ հետևալը.

-ՏԻՄ ընտրություններին ցածր մասնակցությունը երազանք չի կարող լինել: Դա խոսում է այն մասին, որ մարդիկ անտարբեր են և հիասթափված, սպասում են հարմար առիթի երկրից հեռանալու համար:

-Նախկին` կլանային, ցուցակագրելու, ընտրողներին նյութական խոստումներ տալու, վախի մթնոլորտ ձևավորելու և այլ բարքերի շարունակությունը հեղափոխությունից հետո երազանք չի կարող լինել: Դուք պետք է փոխեիք վիճակը և ոչ թե վիճակը հարմարեցնեիք ձեզ:

-հին հանրապետական տեղական իշխանիկներին (ինչպես դուք եք նրանց անվանում) թավշյա քաղաքապետեր վերարտադրելը երազանք լինել չէր կարող: Նոր և կարող մարդիկ պարզապես զզված են քաղաքական այս միջավայրից և փոփոխություններ բերելու մոտիվացիա պարզապես չունեն:

- և հին կանոններով` բայց հեղափոխական ծածկոցի տակ ընտրություններին ձայն հավաքելը երազանք լինել չի կարող: Ինչպես ասել ենք մի օր ԱԺ-ում, հիմա էլ ասեմ` դուք սովորական իշխանություն եք, ընդամենը...

Պարո՛ն Փաշինյան, ոչ թե իրագործվել է Ձեր երազանքը, այլ տեղական մակարդակում մարդիկ չեն ուզում տեսնել ձեր դիլետանտներին և մեծախոսներին: Մարդիկ պատրաստ են հանդուրժել Ձեր անհրապույր կառավարությունը, բայց տեղական մակարդակներում ձեզ մերժում են, որովհետև հասկացել են, որ ձեր թիմի անդամներին մի քիչ իշխանություն ես տալիս, նախկիններից վատն են դառնում:

Եվ հիմա հարց` Ձեր բոլո՞ր երազանքներն են դեգրադացիա և տխուր վիճակներ ենթադրում:

Մտածեք այդ մասին»:

--00—ԼՄ

Տեսանյութեր