Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարած Խաչատուր Պողոսյանն ազատվեց պատժի հետագա կրումից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 18, 24News

Thumbnail

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում այսօր` փետրվարի 18-ին, դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ դատարանը որոշեց բավարարել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի միջնորդությունը՝ դատապարտյալ Խաչատուր Պողոսյանին հիվանդության հիմքով պատժի հետագա կրումից ազատելու վերաբերյալ՝ ըստ Քրեական դատավարության օրենսգրքի 432-րդ հոդվածի: Դատապարտյալը տառապում է ծանր հիվանդությամբ, կա նաև միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը՝ այդ մասին:

Հիշեցնենք, որ Պողոսյանն անցել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու քրգործով, դատապարտվել 14 տարվա ազատազրկման: Պատժի 6 տարին նա արդեն կրել էր:

Դատական նիստին ներկա էր նաև Պարույր Հայրիկյանը, նա չառարկեց միջնորդության դեմ: Հայրիկյանը նշեց, որ Պողոսյանն Աֆղանստանի պատերազմի հետախույզ է, բավական ծանր կյանք է ունեցել և արժանի է խղճահարության: