Հայաստան ցեմենտի ներկրման տուրքը 14 հազարի փոխարեն կսահմանվի 2 հազար դրամ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Ցեմենտ

Հայաստան 1 տոննա ցեմենտի ներկրման համար պետական տուրքը կդառնա 2000 դրամ՝ գործող 14 հազար դրամի փոխարեն:   «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար հավանություն ստացավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 3-ի նիստում:

Նախագծի համահեղինակ Բաբկեն Թունյանը հայտնեց, որ առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո կառավարության հետ լրացուցիչ քննարկումների արդյունքում, հաշվի առնելով ցեմենտի գների փոփոխությունը, ցեմենտի շուկայում նկատվող զարգացումները, դեֆիցիտը, գնաճը, նաև ներկրվող ցեմենտի «արգելափակված» վիճակը, որոշել են ներկրվող ցեմենտի տուրքն ավելի շատ իջեցնել:

«Այսինքն՝ եթե առաջին ընթերցմամբ ընդունված նախագծով 14 հազարի փոխարեն սահմանվում էր 9 հազար դրամ, հիմա կսահմանվի 2 հազար դրամ»,-ասաց Թունյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ նշեց, որ մի քանի տարի առաջ ցեմենտի ներկրման համար պետական տուրքի սահմանումը նպատակ ուներ խթանել տեղական արդյունաբերության զարգացմանը: Սակայն, ըստ նախարարի, այսօր, կառուցապատման, շինարարության ոլորտը շատ մեծ խոչընդոտների առաջ է կանգնում: Նախարարությունը թե շինարարների, թե կառուցապատողների ասոցիացիաների կողմից ունի ահազանգեր առ այն, որ այսօր ցեմենտի գները և որակը լուրջ խոչընդոտ են հանդիսանում ոլորտի զարգացման և նախագծերի պատշաճ իրականացման վրա:

«Էկոնոմիկայի նախարարությունն այս պարագայում առաջնորդվում է ավելի շատ բալանսավորված շահի տեսանկյունից: Եվ մենք գտնում ենք, որ առաջիկա որոշակի ժամանակահատվածում անհրաժեշտություն կա մեղմացնել ներմուծվող ցեմենտի տուրքի չափը, որպեսզի ընկերությունները կարողանան թե Իրանից, թե Վրաստանից լրացնել այն ծավալները, որոնք չեն կարողանում անել տեղական արտադրողների շնորհիվ»,-ասաց Քերոբյանը:

Նախարարը նկատեց՝ լուրջ հարց է նաև գնագոյացման հարցը, հարևան շուկաներում ցեմենտի գինն էապես ավելի էժան է, քան Հայաստանում, ինչը լուրջ խոչընդոտ է շինարարության ոլորտի զարգացման համար:

Թունյանն էլ հավելեց՝ որոշել են տուրքի այդ փոքր չափը պահպանել, բայց պայմանով, որ տեղական արտադրողներն առաջիկա ժամանակահատվածում արտադրողականությունը բարձրացնելու համար քայլեր անեն:

Նախագծով նաև առաջարկվում է  կլինկերի ներկրման համար սահմանված 2 հազար տուրքն ընդհանրապես հանել:

Նախագիծը քվեարկությամբ ստացավ դրական եզրակացություն և կքննարկվի ԱԺ առաջիկա լիագումար նիստում: Ընդունվելու դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի հրապարակման հաջորդ օրը:

--00--ԱՀ

Տեսանյութեր