ԱՄԷ դեսպանությունն ամանորյա նվերներ է հանձնել Արյունաբանական կենտրոնում բուժվող մի խումբ երեխաների

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

․

Երևանում Արաբական Միացյալ էմիրությունների դեսպանատունը մարդասիրական ծրագրերի շրջանակում ամանորյա նվերներ է հանձնել ՀՀ առողջապահության նախարարության «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ում բուժում ստացող մի խումբ երեխաների։

Ինչպես տեղեկացրին դեսպանությունից, միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» տնօրեն Սամվել Դանիելյանը, ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի հավատարմատար Ահլամ Ռաշիդ Ալ-Սալամին և ՀՀ առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը։

Ըստ աղբյուրի՝ կենտրոնի տնօրենն իր խորին երախտագիտությունն է հայտնել այս նախաձեռնության համար՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը դեսպանության հետ շարունակական կլինի։

Իր հերթին Ահլամ Ալ-Սալամին իր խոսքում շնորհակալություն է հայտնել կենտրոնի անձնակազմին ջերմ ընդունելության համար և էմիրաթցի երեխաների անկեղծ ողջույններն է փոխանցել հայ փոքրիկներին՝ մաղթելով նրանց քաջառողջություն և բարեկեցություն գալիք նոր տարում։

 «Մենք ծրագիրն իրականացնելու համար հատուկ ենք ընտրել այս նախատոնական ժամանակահատվածը, որպեսզի ավելի մեծ ուրախություն պարգևենք երեխաներին»,- նշել է Ալ-Սալամին։

ՀՀ առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը նշել է, որ երեխաների հիվանդությունների դեպքերը առանձնահատուկ ուշադրության են արժանանում բոլորի կողմից՝ շնորհակալություն հայտնելով  բուժանձնակազմին անձնվեր աշխատանքի համար։

Նվերների հանձնման արարողությունից հետո Ահլամ Ալ–Սալամին հանդիպել է կենտրոնի ղեկավար անձնակազմի հետ, քննարկվել են համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։

--00--ԱՀ