Օղակաձև զբոսայգու անօթևաններից 1-ը տեղափոխվել է հիվանդանոց, 2-ը հրաժարվել են ժամանակավոր կացարանից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

նկար

Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում որոշ քաղաքացիների կողմից դրսևորվող վարքը առաջացնում է քաղաքացիների դժգոհությունն ու ստեղծում անհարմարություններ անցորդների և հյուրերի համար: Այս մասին տեղեկացնում է Կենտրոն վարչական շրջանն ու նշում, որ խնդիրը լուծելու համար պարբերաբար քայլեր են ձեռնարկվում՝ համապատասխան մասնագետների ներգրավմամբ:

Այսօր ևս ՀՀ Ոստիկանության հետ համատեղ ձեռնարկվել են միջոցառումներ։ Նշված վայրում հայտնաբերված անօթևաններից 1-ը տեղափոխվել է հիվանդանոց, 2-ը հրաժարվել են տեղափոխվել ժամանակավոր կացարան: Վերջիններիս հետ աշխատանքներ են տարվում համապատասխան կացարան տեղափոխելու համար:

Կենտրոն վարչական շրջանը հիշեցնում է, որ նշված անձանց հետ բազմիցս տարվել են բացատրական աշխատանքներ, որից հետո նրանց տեղափոխել են կացարան, սակայն այնտեղ դրսևորելով ոչ պատշաճ վարք՝ ստեղծել են կոնֆլիկտային իրավիճակներ և հեռացել հաստատությունից:

Կոմունալ տնտեսության բաժնի նախաձեռնությամբ տարածքում իրականացվել են մաքրման աշխատանքներ, կազմակերպվել է տարածքից աղբի դուրս բերումը:

Գրառման մեջ նաև ասված է․

«Հարգելի՛ քաղաքացիներ, հիշեցնենք, անօթևանների հետ կապված հարցերով կարող եք դիմել Միացյալ սոցիալական ծառայություն (հեռ․060652718) և ՀՀ ոստիկանություն»:

--00—ԼՄ