Ազատ գյուղի զինվորական կացարանում 15 զինծառայողի մահվան ելքով հրդեհի գործը կքննվի ՔԿ ԶՔԳՎ-ում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

photo_2023_01_19_12_36_35.thumb_.jpg

Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների վերաբերյալ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթը այսօր հետագա նախաքննությունն իրականացնելու նպատակով տեղափոխվել է ՀՀ ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Նորայր Նորիկյանը։

Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, երեքը՝ տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն, նրանցից երկուսը, այդ թվում, կապիտանը՝ տևական ժամանակ վերակենդանացման բաժանմունքում են գտնվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։ Քրեական վարույթի շրջանակներում որոշումներ են կայացվել տուժող ճանաչելու մասին։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է նաև մեկ այլ առանձին վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նշված քրեական վարույթը միացվել է մայր գործին, համատեղ քննություն է իրականացվում։ Քրեական գործով այս պահին արդեն կա 4 մեղադրյալ, որից երկուսը կալանքի տակ են։ 4-րդ մեղադրյալը կապիտանն է, որն, ըստ Ն. Փաշինյանի կողմից կառավարության նիստում շրջանառության մեջ դրված վարկածի, փորձել է ավտոբենզինով վառել վառարանը։ Կապիտանը, ինչպես հայտնի է եւս այրվածքներ էր ստացել ու գտնվում է հիվանդանոցում։ Տուժող կողմը հայտարարել է, որ չի վստահում պաշտոնական վարկածին ու սկսել են սեփական հետաքննությունն իրականացնել։

--00—ԶՀ