Մենք այս տարի 5 մանկապարտեզի ծրագիր ունենք ներկայացրած․ Գեղարքունիքի մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

1

Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե երբ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհահատվածը կհիմնանորոգվի, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը պարզաբանել է․ ‹‹Այդ հատվածում ջրահեռացման համակարգեր չկան և Մարտունի քաղաքի գլխավոր փողոցից իջնող ջրերը կուտակվում են այդ հատվածում և հանգեցնում է նրան, որ ճանապարհն անընդհատ քանդվում է: Ուրախությամբ կարող եմ նշել, որ այս տարի այդ հատվածում ոչ թե ուրիշ տարիների նման փոսալցում կարվի, այլ ամբողջությամբ հին ասֆալտաշերտը կհեռացվի, երկու կողմերում մայթեր կկառուցվեն և դեպի Մարտունի բարձրացող հատվածում կկառուցվի ջրահեռացման համակարգ, որը հույս ունեմ, որ վերջնականապես կլուծի այդ տարածքի խնդիրը››։

Անդրադառնալով որոշ համայնքերում մանկապարտեզներ չլինելու հարցին՝ մարզպետը նշել է. ‹‹Նման խնդիրներ շատ ունենք: Մենք այս տարի արդեն 5 մանկապարտեզի ծրագիր ունենք ներկայացրած, որոնցից 3-ն ամբողջովին նոր կկառուցվի, իսկ 2-ը` կվերանորոգվի: Ծովինար, Երանոս համայնքներում կվերանորոգվեն հին մանկապարտեզների շենքերը, Ծովասարում, Զոլաքարում նորերը կկառուցվեն››:

 Աղբահանության խնդրին անդրադառնալով՝ մարզպետը նշել է․ ‹‹Մարզի ռելիեֆն այնպիսին է, որ բնակչության թափած աղբը հասնում է Սևանա լիճ, իսկ դա անթույլատրելի է: այս պահին մարզի 57 համայնքներից 31-ում կա կազմակերպված աղբահանություն, իսկ 26-ում չկա››: