Դեսպան Աշոտ Սմբատյանը Գերմանիայի պետքարտուղարի հետ քննարկել է ռազմական ոլորտի հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 19, 24News

դեսպան

Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին և ռազմական կցորդ գնդապետ Արայիկ Հարությունյանին մարտի 18-ին  ընդունել է  ԳԴՀ պաշտպանության նախարարության պետքարտուղար, ՔԴՄ կուսակցության նախկին գլխավոր քարտուղար դր. Պետեր Թաուբերը (Peter Tauber)։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական ռազմական գործակցության մի շարք հարցեր, այդ թվում` ռազմական կրթության, ռազմական բժշկության բնագավառներում երկկողմ փոխշահավետ համագործակցության հեռանկարները։

Երկուստեք կարևորվել է խաղաղապահության ոլորտում ձևավորված կապերը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է լիարժեքորեն օգտագործել առկա ներուժը։

Կողմերն անդրադարձ են կատարել Սիրիայի Արաբական Հանրապետության ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով Հայաստանից հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խմբի գործունեությանը Սիրիայում։