Հայ-թուրքական սահմանին մաքսակետի կառուցումը սկսված է, պետությունը կտրամադրի 733 մլն դրամ․ «Լուրեր»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

55889b87-858e-4469-a9e6-b75e0c179a0e.jpg

Հայ-թուրքական սահմանին նոր մաքսակետի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են։ Պետությունը նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար ՊԵԿ-ին տրամադրել է 28,3 միլիոն դրամ։ Ընդհանուր շինաշխատանքների, սարքավորումների և գույքի ձեռք բերման համար անհրաժեշտ է 733 միլիոն դրամ։

«Լուրեր»-ի ռեպորտաժում ՊԵԿ գնումների կազմակերպման և վարչատնտեսական ապահովման վարչության պետ Էդգար Հովսեփյանը մանրամասնել է՝ բեռնատար մեքենաները ներկա պահին չեն դիտարկվում, որ կարող են մաքսակետով անցնել, բայց լիարժեք մաքսակետ ունենալու դեպքում նաև կարող են բեռնատար ավտոմեքենաների անցումը ապահովել։

1993 թվականից փակված սահմանը այժմ երկու կողմերի համաձայնությամբ բաց կլինի միայն երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։

Կառավարության որոշմամբ Մեծամոր համայնքին պատկանող հողատարածքն ու շենք-շինությունները հանձնվել են ՊԵԿ-ին։ Սեղմ ժամկետներում տեղավորվելու համար մաքսակետի նախագծումն ու շինարարությունը կատարվում են զուգահեռ։

«Տեղանքում կար մաքսակետ, որը նպատակահարմար չէր շահագործման համար, ուստի դրա հարևանությամբ կառուցվում է նորը՝ 988 քառակուսի մետր տարածքով։ Մաքսատանը ծառայություն են իրականացնելու ծառայողները, ՌԴ սահմանապահ զորքերը և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը։

Կամրջի տեխնիկական վիճակը ուսումնասիրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

«Կամուրջը լավ վիճակում է, պատրաստ է սպասարկելու և կարող է համապատասխան բեռները իր վրա կրել։ Կամրջի խնդիրը, եթե այդպես ձևակերպենք, այն է, որ կամուրջը նեղ է, միակողմանի երթևեկության համար»,- ռեպորտաժում մանրամասնել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Եթե մեքենաների հոսքն ավելանա, հայկական կողմը դիտարկում է այն կառուցելու նոր տարբերակներ։

--00—ԶՀ