Կառավարության ներկայացրածը մեզ չի բավարարում․ Հայկ Գևորգյանը՝ պետտուրքի օրենքի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծի հետ կապված կոնսենսուս կա այն մասով, որ պետական տուրք պետք է բարձրացվի, խնդիրն այն է, թե ինչքան պետք է բարձրացվի։

Հայկ Գևորգյանը տեղեկացրել է, որ այսօրվա քննարկմանը լսել են միայն մեկ կողմին՝ տարադրամի փոխանակման կետերի, դիլերների, գրավատների ներկայացուցիչներին, իսկ խնդրի հետ կապված վերջնական որոշում կլինի, երբ կծանոթանան նաև ԿԲ-ի ու կառավարության տեսակետին։

«Այս պահին միայն կարող եմ ասել, որ այն, ինչ ներկայացրել է կառավարությունը, այն, ինչ գրավոր ներկայացված է, առնվազն չի բավարարում մեզ, չենք կարող օբյեկտիվ պատկերացում կազմել, այդ իսկ պատճառով մեր հանձնաժողովն արդեն իսկ ուղարկել է հարցումներ որոշ վիճակագրական տվյալներ ստանալու համար։ Գուցե հաջորդ քննարկմանը ֆինասների նախարարությունն ու ԿԲ-ն բերեն այնպիսի հիմնավորումներ, որոնք կբավարարեն մեզ, ոչինչի չի բացառվում»,- ասել է Հայկ Գևորգյանը։

Ըստ պատգամավորի՝ այս պահին փորձում են գրավատների ներկայացուցիչների հետ հասկանալ՝ որն է տուրքի բարձրացման օպտիմալ չափը, որը կլուծի թե՛ վերահսկողության, թե՛ բյուջե մուտքերի, թե՛ մրցակցության խնդիրը։

«Եթե նայում ենք կոնկրետ մի կետից, օրինակ, որ իրենք վճարում էին 100 հազար, իսկ հիմա վճարելու են 6 մլն ու վերջ, ապա խնդիր է առաջանում։ Պետք է գլոբալ նայել խնդրին, քանի որ քննարկումների արդյունքում էլ պարզ դարձավ, որ իրենց շրջանառությունն ու եկամտաբերությունը նվազում է։ Սա որպես բիզնես, ժամանակի ընթացքում կորցնում է իր մրցունակությունը։

Եթե նույնիսկ տուրքերը զրոյական դառնան, միևնույն է, առանձին վերցրած փոխանակման կետը չի կարող դիմանալ ավելի համակարգված ցանցային փոխանակման կետերի հետ մրցակցությանը, ինչպիսին «Երևան Սիթի»-ների կամ «ՍԱՍ»-երի ցանցերն են, բանկերի մասնաճյուղերն են, որով հետ վերջիններիս թե՛ աշխարհագրական սփռվածություն է մեծ, թե՛ մատուցվող ծառայություններ մարժան է փոքր»,- ասել է Հայկ Գևորգյանը։

Պատգամավորն անհիմն է համարում խոսակցությունը, թե օրենքի հիմքում այն է, որ պետական որոշ մարմիններ պայմանավորվածություն ունեն առևտրային բանկերի հետ։ Առևտրային բանկերն է միմյանց հետ մրցակցում են։ Հայկ Գևորգյանը կարծում է՝ սա Կենտրոնական բանկի ձևակերպած խնդիրն է։

«Բնական է, երբ տուրքերը բարձրացվում են 60 անգամ, մեզ մոտ հարցեր են առաջանում։ Երբ հիմնավորումները մեզ կներկայացվեն, այն ժամանակ էլ վերջնական որոշում կլինի»,- ասել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ շրջանառության մեջ է դրվել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն՝ գրավատների համար ներկայիս 100 հազար դրամի փոխարեն պետական տուրքը կդառնա 6 միլիոն, իսկ փոխանակման կետերի համար 50 հազար դրամի փոխարեն՝ 3 միլիոն դրամ: