Լաչինի և Աղդամի երթուղիները պետք է բացվեն միաժամանակ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

ամն

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը ի պատասխան լրագրողի հարցին անդրադաձել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի ու Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցին՝ խոսնակն ընդգծել է. «Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում արագորեն վատթարացող հումանիտար իրավիճակով։ Մենք կրկնում ենք մեր կոչը, ինչպես որ պետքարտուղարն է ասել շաբաթվա վերջին իր արած հայտարարության մեջ, անհապաղ և միաժամանակ բացել Լաչինի և Աղդամի ճանապարհները՝ թույլ տալու համար ծայրահեղ անհրաժեշտ մարդասիրական պաշարների մատակարարումը տղամարդկանց, կանանց և երեխաներին Լեռնային Ղարաբաղում: Մենք հորդորում ենք առաջնորդներին, ինչպես որ դա արել է պետքարտուղարը իր կոչերում, չձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք լարվածություն են առաջացնում կամ շեղում այդ նպատակից:

Միլերը հավելել է. «Մենք մշտապես շեշտել ենք Լեռնային Ղարաբաղում ճանապարհների բացման և կողմերի միջև երկխոսության անհրաժեշտությունը։ Թեև կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղն ունենա վստահելի ներկայացուցիչներ այս գործընթացում, սակայն ինչպես նախկինում ենք ասել, մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն, և հետևաբար չենք ճանաչում վերջին օրերին այստեղ անցած, այսպես կոչված, նախագահական ընտրությունների արդյունքները»,- պնդել է Միլերը

--00—ԼՀ