Երկարաժամկետ լուծման հասնելու լավագույն տարբերակը խաղաղ բանակցություններն են

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

բր

Բրազիլիայի իշխանությունները մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ծավալած ռազմական գործողությունների և խաղաղ բնակչության վրա դրանց ազդեցության առնչությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բրազիլիայի արտաքին գործերի նախարարությունը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրության շուրջ հայտարարություն է տարածել։

«Բրազիլիայի կառավարությունը շարունակում է հավատալ, որ երկարաժամկետ լուծման հասնելու լավագույն տարբերակը խաղաղ բանակցություններն են, հատկապես՝ առկա երեք բանակցային հարթակներում (Բրյուսել, Մոսկվա, Վաշինգտոն)», - մեջբերում է ТАСС-ը հատված հայտարարությունից։

Բրազիլիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հավելել է, որ երկիրն ուշադիր հետևում է հումանիտար իրավիճակին «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մնացած անդամների հետ միասին»։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում է սկսել, զոհերի և վիրավորների թվում կան քաղաքացիական անձինք։ Սեպտեմբերի 20-ին մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են։ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ։

--ԼՀ--