Գրանցում ենք մարդկանց, որոնք փնտրում են իրենց երեխաներին կամ կորցրել են կապը հարազատների հետ. ԿԽՄԿ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

187316 (1)

Սեպտեմբերի 22-ին մեր թիմերը տարհանել են վերջին ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված ինը քաղաքացու: Այս մասին հայտնում են ԿԽՄԿ-ից։

Թեև սեպտեմբերի 20-ին զինադադար է հայտարարվել, ռազմական գործողությունները թողել են զգալի հետևանքներ: Համայնքները տեղահանվել են, հարազատները կորցրել են միմյանց հետ կապը, իսկ ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված մարդիկ դեռ օգնության կարիք ունեն։

Սեպտեմբերի 18-ին ԿԽՄԿ-ն առաջին անգամ կազմակերպեց ցորենի ալյուրի և առաջին անհրաժեշտության բժշկական պարագաների բեռների միաժամանակյա փոխադրում Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով: Այդ ժամանակից ի վեր ԿԽՄԿ-ն իրականացրել է հետևյալ մարդասիրական աշխատանքը.

Շաբաթվա ընթացքում` ներառյալ սեպտեմբերի 22-ին, բժշկական պարագաներ են տրամադրվել ռազմական և քաղաքացիական հիվանդանոցներին,

28 հազար մանկական տակդիր է բաժանվել,

200 տաք ծածկոց է տրամադրվել ներքին տեղահանվածների ապաստարանին,

1000 լիտր դիզելային վառելիք է նվիրաբերվել ամենամեծ բժշկական կենտրոնին` գեներատորների անխափան աշխատանքը ապահովելու համար,

500 լիտր դիզելային վառելիք է տրամադրվել Ջրային կոմիտեին` քաղաքի ջրամատակարարումը էլեկտրական գեներատորների միջոցով կազմակերպելու համար:

Մեր թիմերը սկսել են նաև գրանցել այն մարդկանց, որոնք փնտրում են իրենց երեխաներին կամ կորցրել են կապը հարազատների հետ: Բնակիչները նաև դիմել են ԿԽՄԿ՝ մահացած հարազատների մարմինները տարհանելու խնդրանքով:

Տարածաշրջանում հումանիտար իրավիճակը վերջին ամիսներին ծանր է եղել՝ առաջնային նշանակության սննդամթերքն ու առողջապահական ծառայությունները գրեթե անհասանելի են եղել:

ԿԽՄԿ-ն նախատեսում է մեծացնել իր աջակցության ծավալները և բանակցություններ է վարում որոշում կայացնողների հետ` սննդի և հիգիենայի պարագաների մատակարարման վերաբերյալ:

--00—ՅՄ