Սյունիքի մարզպետը Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրենի հետ քննարկել է տեղահանվածների խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

l-0x0wh-786x458z-1

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (ՄԱԿ ՓԳՀ/UNHCR) ներկայացուցիչ Կավիտա Բելանիին, ՄԱԿ ՓԳՀ (Ժնև) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Ֆիլիպ Լեկլեխքին, Եվրոպայի բյուրոյի և հայաստանյան ներկայացուցչության այլ պատասխանատուների։ Այս մասին հայտնում են ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմից:

Մարզպետը շնորհակալություն է հայտնել այն աջակցության համար, որ ցուցաբերել ու ցուցաբերում է կազմակերպությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ընդունելու գործընթացում։

Պարոն Լեկլեխքը նշել է, որ գոհունակությամբ է լսում, որ գործակալությունն այդ դժվարին հանգամանքներում կարողացել է օգտակար լինել․ «Բայց, իհարկե, դա արեցիք Դուք, ու այդ կազմակերպված ու համատեղ աշխատանքը Ձեր պատասխանատվության և նաև հայ ժողովրդի հյուրընկալության շնորհիվ էր։ Շորհակալություն Ձեզ անձամբ, որովհետեև իմ գործընկերները նկարագրել են Ձեր ջանքերն ու պատմել կառուցողական համագործակցության մասին»։

Ռոբերտ Ղուկասյանը հանդիպման ընթացքում ներկաների հետ քննարկել է տեղահանված անձանց խնդիրների արդյունավետ լուծման ու այդ առումով համագործակցության հարցեր։

Մարզպետը նաև կարևորել է, որ անկախ ներկա նոր մարտահրավերներից՝ Սյունիքում բնականոն շարունակություն ունենան գործակալության կողմից նախկինում սկսված ու նախանշված ծրագրերը։

--00—ՅՄ