Կպարզեցվի պետգույքի մասնավորեցման, օտարման, անհատույց օգտագործման և վարձակալությամբ տալու գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

գու

Գործադիրը հաստատել է պետական գույքի կառավարման ոլորտում ՀՀ անունից կնքված գործարքներով ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգը, պետական գույքի գրավադրման պայմաններն ու կարգը:

Իրավական ակտի ընդունումը բխում է պետական գույքի կառավարման ոլորտում ՀՀ անունից գործարքներով կնքված՝ պետական գույքի մասնավորեցման, օտարման և օգտագործման տրամադրման գործարքներում պայմանագրային պարտավորությունների ամրագրման և դրանց կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու ու գրավադրման պայմանները սահմանելու անհրաժեշտությունից։

Կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունների նկատմամբ հսկողության վերաբերյալ առավել օբյեկտիվ որոշումների կայացման և կամայականությունների բացառման նպատակով նախատեսվում է սահմանել դրույթ՝ համաձայն որի պետական գույքի մասնավորեցման, օտարման և օգտագործման տրամադրման պայմանագրերում ամրագրված պարտավորությունների առանձնահատկություններից ելնելով, ՀՀ ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն կարող է ստեղծել համապատասխան հանձնաժողով՝ պայմանագրերով ստանձնված պարտավորությունների ամբողջական կատարումն ընդունելու և գրավադրված գույքը գրավադրումից հանելու աշխատանքներն օպերատիվ իրականացնելու համար։ Ներդրումների կատարման հետ կապված ռիսկերը նվազագույնի հասցնելու համար նախատեսվում է, որ գնորդն առանց կոմիտեի գրավոր համաձայնության չի կարող երրորդ անձի օտարել, օգտագործման հանձնել պարտավորություններով ծանրաբեռնված գույքը։

Ըստ այդմ՝ սահմանվում են նաև գնորդի կամ վարձակալի կողմից կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարումը հիմնավորող փաստաթղթերի կազմը և ներկայացման ժամկետը, ինչպես նաև ներդրումային պարտավորությունների չկատարման դեպքում կիրառվող տույժերի և տուգանքների չափերը։ Արդյունքում՝ կհստակեցվի պետական գույքի մասնավորեցման, օտարման, անհատույց օգտագործման և վարձակալությամբ տրամադրման պայմանագրերի կնքման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը, կպարզեցվեն պայմանագրերում պարտավորությունների ամրագրման կարգը և պահանջները։ Ինչպես նաև կսահմանվեն պայմանագրերով ստանձնված պարտավորությունների չկատարման դեպքերում տույժ ու տուգանքները։

--00—ԼՀ