Մեղրիի զորամասի միջադեպի քրգործով մեղադրանք է առաջադրվել զորամասի հրամանատարին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

զորամաս

2019 թ. մարտի 17-ին՝ ժամը 19:30-ի սահմանում, ՀՀ ՊՆ N զորամասի մշտական տեղակայման վայրում գտնվող մի խումբ պարտադիր ժամկետային զինծառայողներ հրաժարվել են կատարել զինվորական ծառայության առանձին՝ օրվա կարգացուցակով նախատեսված պարտականությունները՝ փաստացի դրանք դադարեցնելով։ Նրանք ինքնակամ թողել են զորամասի տարածքը և շուրջ 2 ժամ անց նոր միայն զորամասի հրամանատարի և ՌՈ աշխատակիցների հորդորների արդյունքում վերադարձել ծառայության: 

Նշված դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով 2019 թ. ապրիլի 25-ին Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի երկրորդ մասով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժին: Այդ մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Պարզվել է նաև, որ 2019 թ. մարտի 16-ին՝ ժամը 09:00-ի սահմանրում, նույն զորամասի հրամանատար, գնդապետ Ռ. Ս.-ն իր աշխատասենյակում խստապահանջ հրամանատարի տպավորություն թողնելու նպատակով, անցնելով պաշտոնեական լիազորությունների սահմանը, իր ենթականերին հանձնարարել է պատռել պարտադիր ժամկետային զինծառայողների՝ զորամասի կողմից չտրամադրված ու կանոնագրքերին չհամապատասխանող համազգեստները: Կատարելով հանձնարարականը՝ վերջիններս զորամասի շարահրապարակում պարտադիր ժամկետային զինծառայողների արտաքին տեսքի ստուգումների ժամանակ պատռել են շուրջ 30 պարտադիր ժամկետային զինծառայողների համազգեստները, որով խաթարվել է զինվորական ղեկավար մարմինների օրինական ու բնականոն գործունեությունը, ոտնահարվել զինծառայողների իրավունքներն ու օրինական շահերը:

Դեպքի առթիվ 2019 թ. մարտի 25-ին Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի առաջին մասով հարուցվել է  քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժին:

Պարզվել  է նաև, որ 2019 թ. հունվարից փետրվարն ընկած ժամանակահատվածում ՀՀ նույն զորամասի գումարտակի համապատասխան պաշտոնատար անձինք զորամասի զինծառայողների շրջանում «հեղինակություն» վայելող, վերադաս հրամանատարության կողմից բազմիցս դիտողությունների և կարգապահական տույժերի արժանացած, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կ. Մ.-ի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, վերջինիս «հովանավորյալների» կողմից հարգանքի արժանանալու նկատառումներից ելնելով, անտեսելով վերադաս հրամանատարության՝ նշված զինծառայողի նկատմամբ առավել ուշադիր ու հետևողական լինելու վերաբերյալ բազմաթիվ հորդորներն ու ցուցումները, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը և թույլատրել Կ.Մ.-ի ազատ ելումուտը սպայական աշխատասենյակ: Ավելին՝ նրան հատկացրել են աշխատասենյակի, ինչպես նաև դրանում գտնվող մետաղյա պահարանի բանալիները, ինչից վերջինս օգտվել է այցելությունների և այլ նպատակներով: Այդ կերպ էական վնաս է պատճառվել զինվորական ղեկավար մարմինների բնականոն գործունեությանը, ցուցաբերվել տարբերակված մոտեցում պարտադիր զինծառայողների իրավունքներին և օրինական շահերի նկատմամբ:

Դեպքի առթիվ մարտի 29-ին Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի առաջին մասով հարուցվել է քրեական գործ, որը ևս նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժին:

Փաստական հանգամանքներով պայմանավորված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն կատարելու նպատակով որոշում է կայացվել վերոնշյալ երեք քրեական գործերը մեկ վարույթում միացնելու մասին:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց հրաժարվելու համար 2019 թ․-ի ապրիլի 15-ին և 16-ին զորամասի պարտադիր ժամկետային 5 զինծառայողների մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել զորամասի հրամանատարության հսկողությանը հանձնելը:

Իսկ ապրիլի 16-ին նույն քրեկան գործով իշխանության անգործություն դրսևորելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել ՀՀ զորամասի հրամանատար, գնդապետ Ռ.Ս-ին և որոշում է կայացվել նրա նկատմամբ որպես խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրություն ընտրելու մասին:

Բացի դրանից՝ դատախազի կողմից նույն օրը որոշում է կայացվել մեղադրյալ Ռ.Ս․-ի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս