Բելառուսի որոշումը որևէ աղերս չունի ARARAT կոնյակների հետ․ Երևանի կոնյակի գործարան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

1133309

Երևանի կոնյակի գործարանը հայտարարել է, որ «Արարատի կոնյակի գործարան»-ի արտադրանքի ներմուծումն արգելելու մասին Բելառուսի առողջապահության նախարարության որոշումը որևէ կապ չունի իրենց արտադրանքի հետ։

«Երեկ երեկոյան բելառուսական լրատվականներում հրապարակվեց «Գոմելի հիգիենայի, համաճարակաբանության և հանրային առողջության տարածաշրջանային կենտրոն»-ի որոշումը, համաձայն որի Բելառուսի առողջապահության նախարարությունն արգելում է «Արարատի կոնյակի գործարանի» արտադրանքի ներմուծումը։

Բելառուսի առողջապահության նախարարության որոշումը վերաբերում է Արարատի կոնյակի գործարանին՝ Արարատ քաղաքում տեղակայված կոնյակի գործարանին, որը որևէ աղերս չունի Երևանի կոնյակի գործարանի՝ մայրաքաղաքի Հրազդանի կիրճի ափին վեր խոյացող տուֆակերտ շենքի և այդ ընկերության կողմից արտադրվող ARARAT կոնյակների հետ»,-այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։

Հիշեցնենք, որ Գոմելի հիգիենայի, համաճարակաբանության և հանրային առողջության տարածաշրջանային կենտրոնը մարտի 25-ին հաղորդագրություն էր տարածել, որ Բելառուսի գլխավոր սանիտարական բժիշկ, առողջապահության նախարարի տեղակալ Ալեքսանդր Տարասենկոյի որոշմամբ արգելվել է հայկական «Արարատի կոնյակի գործարան»-ի արտադրանքի ներմուծումն ու իրացումը։

--00—ՅՄ