Շվեյցարիան չի ստորագրի միջուկային զենքն արգելող պայմանագիրը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

վ.

Շվեյցարիայի իշխանությունները հրաժարվում են ստորագրել Միջուկային զենքի արգելման մասին պայմանագիրը՝ ուկրաինական հակամարտության և միջուկային զենք ունեցող պետությունների չմիանալու պատճառով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասված է Շվեյցարիայի ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ։

«2024 թվականի մարտի 27-ի Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը լսեց աշխատանքային խմբի զեկույցներն ու հաստատեց դրանք: Այդ երկու զեկույցների հիման վրա կազմվեց եզրակացություն, ըստ որի՝ ներկայումս կարիք չկա փոխել դիրքորոշումը, հետևաբար Շվեյցարիան այս պահին չի միանա Միջուկային զենքի արգելման մասին պայմանագրին: Դաշնային խորհուրդը համոզված է, որ միացումը Շվեյցարիայի շահերից չի բխում ներկայիս միջազգային զարգացումների համատեքստում, երբ անվտանգության խնդիրները մղվել են առաջին պլան Եվրոպայում ընթացող նոր պատերազմի պատճառով»,- ասված է փաստաթղթում։

Միջուկային զենքի արգելման մասին պայմանագիրն ընդունվել է 2017 թվականի հուլիսին։ Նիդեռլանդները դեմ է քվեարկել, իսկ Սինգապուրը՝ ձեռնպահ։ Այդ համաժողովի աշխատանքներին չեն մասնակցել բազմաթիվ պետություններ, այդ թվում՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն։ Նրանք հայտարարել են, որ նոր փաստաթուղթ ընդունելու անհրաժեշտություն չկա՝ հաշվի առնելով Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի առկայությունը։ Ներկայումս Միջուկային զենքի արգելման մասին պայմանագիրը ստորագրել են 93 երկրներ և վավերացրել նրանցից 70-ը։ Փաստաթուղթն ուժի մեջ է մտել 2021 թվականի հունվարի 22-ից։

--00—ԼՀ