Ինչո՞ւ է մանկական ուղեղային կաթվածով անձը մեկ տարում 3 անգամ հայտնվել հոգեբուժարաններում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News

Հասարակություն

Հոգեբուժական ախտորոշում՝ առանց բուժման անհրաժեշտության

Մեկ տարվա ընթացքում 48-ամյա Արմենը, որը մանկական ուղեղային կաթված (ՄՈՒԿ) և հաշմանդամության առաջին խումբ ունի, երեք անգամ հայտնվել է հոգեբուժական հիվանդանոցներում՝ չնայած նրան հետևող հոգեբույժներն անգամ դա անհրաժեշտ չեն համարել. նրանց խոսքով՝ Արմենին խնամք է հարկավոր, բայց հոգեբուժական բուժման կարիք նա չունի:

Արմենն ապրում է քրոջ՝ Ռիտայի և եղբոր՝ Կարենի հետ, Երևանին մերձ քաղաքներից մեկում:

ՄՈՒԿ-ի պատճառով Արմենը խոսքի և տեղաշարժման որոշակի դժվարություն ունի, չնայած դրան՝ հեշտությամբ է շփվում մարդկանց հետ: Նա հատուկ դպրոց է ավարտել, ինքնուրույն հաճախում է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող «Ունիսոն» ՀԿ, Նորքի զանգվածում եկեղեցի այցելում, անգամ փորձել է հողաթափեր կարել, կոսմետիկա վաճառել՝ գումար վաստակելու համար։

Մեկ տարի առաջ Ռիտան դատական հայց է ներկայացրել Արմենին անգործունակ ճանաչելու համար: Հայցը դատարան է ներկայացրել 2018 թ. հուլիսի 11-ին, բայց մինչ այդ՝ 2018թ. հունիսի 29-ին նա շտապօգնության մեքենայով, տեղի բուժկենտրոնի տրամադրած ուղեգրի հիման վրա, Արմենին «Ավան» հոգեբուժական կենտրոն է տեղափոխել: Արմենը պնդում է, որ ուղեգիր տրամադրած հոգեբույժն իրեն ոչ մի անգամ չի տեսել:

Արմենի բացակայությունը նկատել են «Ունիսոն» ՀԿ-ում, որի ներկայացուցիչները դիմել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Արդյունքում Արմենին գտել են «Ավան» հոգեբուժական կենտրոնում: ՄԻՊ աշխատակազմի մասնագետները պարզել են, որ Արմենը բուժում է ստանում կամավոր, ինչի մասին վկայում է իրազեկման թերթիկի վրա նրա ստորագրությունը: Սակայն երբ դեպքով սկսել են հետաքրքրվել իրավապաշտպանները, հուլիսի 12-ին նրան դուրս են գրել:

Կենտրոնի դուրսգրման փաստաթղթի համաձայն՝ Արմենի մոտ թեթև աստիճանի մտավոր հետամնացություն կա՝ վարքագծի խանգարումներով: Նրան հակացնցումային և հանգստացնող դեղեր են նշանակել։

Վարքագծի խանգարումները նկարագրված են քրոջ պատմածի հիման վրա. ագրեսիվ է, սպառնացել է դանակով, նրա հագուստը պատռել և դուրս է նետել պատուհանից: Արմենն այս ամենը հերքում է:

2018թ. օգոստոսի 22-ին Արմենը եղբոր հետ միասին (եղբայրը, Արմենի խոսքով, ևս հաշմանդամություն ունի) տեղափոխվել է Սևանի հոգեբուժական հիվանդանոց, ոստիկանների ուղեկցությամբ։ Այս անգամ, չկարողանալով կապ հաստատել Արմենի հետ, «Ունիսոն» ՀԿ-ն դիմել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ: ՀՔԱՎ գրասենյակի սոցիալ-առողջապահական ծառայությունների մշտադիտարկման մասնագետ Մարիետա Թեմուրյանի խոսքով՝ Արմենին գտնելու համար դիմել են Առողջապահության նախարարություն, որտեղ էլ տեղեկացել են, որ նա Սևանի հոգեբուժարանում է:

Իրավապաշտպանների ուշադրությունն առավելապես գրավել է այն փաստը, որ հիվանդանոցի ներկայացրած տեղեկանքի համաձայն՝ Արմենը ոչ մի դեղորայքային բուժում չի ստացել: Նա կլինիկայում անցկացրել է ավելի քան 2 ամիս և 2018թ. նոյեմբերի 1-ին, սեփական դիմումի համաձայն, դուրս է գրվել՝ կրկին այն բանից հետո, երբ իրավապաշտպաններն են հետաքրքրվել նրանով: ՀՔԱ Վանաձորի գրասենյակն Արմենից լիազորագիր է վերցրել՝ նրա շահերը պաշտպանելու համար:

Սևանի հիվանդանոցի բուժական գծով փոխտնօրեն Վահագն Մկրտչյանը հաստատեց, որ կլինիկայում գտնվելու ամբողջ ընթացքում եղբայրներն իրենց հանգիստ են պահել և դեղ չեն ստացել: Եղբայրներին ընդունել են, քանի որ, քրոջ հավաստմամբ, տանը կոնֆլիկտ է եղել: Հիվանդանոց ընդունվելիս նրանք հոսպիտալացման համաձայնություն են տվել: Առանց դեղեր ընդունելու նման երկարաժամկետ հոսպիտալացումը Սևանի հիվանդանոցում օրենքի խախտում չեն համարում. Վահագն Մկրտչյանի պնդմամբ, այստեղ քրոնիկ հիվանդներ են պահվում և 24 օրվա ժամկետային սահմանափակումն իրենց վրա չի տարածվում, դա վերաբերում է սուր դեպքերի բուժմանը:

Վահագն Մկրտչյանի պարզաբանմամբ՝ մտավոր հետամնացություն ախտորոշումը դասվում է հոգեկան հիվանդությունների շարքին, սակայն հոգեբուժական բուժման կարիք Արմենը չունի: Նա խնամքի կարիք ունի, իսկ դա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործառույթն է:

Դատարանի վճռին սպասելիս

Datalex-ի տվյալների համաձայն՝ Արմենին անգործունակ ճանաչելու՝ քրոջ հայցի գործով 2018թ. սեպտեմբերի 7-ին դատարանը որոշել է ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն նշանակել: Նկատենք, որ դատական նիստին Արմենը ներկա չի եղել. այդ ժամանակ նա Սևանի հիվանդանոցում էր: Փորձաքննությունն անցկացվել է 2018 թ. նոյեմբերի 7-ին ԱՆ կից միջգերատեսչական ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի կողմից, իսկ եզրակացությունը դատարանը ստացել է 2019թ. փետրվարի 27-ին: Եզրակացությունում նշվում է, որ Արմենի հոգեկան վիճակը նրան թույլ չի տալիս դատարան ներկայանալ, և նա կարող է անգործունակ ճանաչվել:

Մարտի սկզբին եղբայրները նորից հոսպիտալացվել են, այս անգամ՝ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն (Նուբարաշեն): Արմենը պատմում է, որ երբ տեսել է ոստիկաններին, հասկացել է, որ կրկին հոգեբուժարան են տանելու, հետը օճառ և ատամի խոզանակ է վերցրել։

Եվ կրկին, բժիշկների խոսքով, նրանց ընդունել են, քանի որ քույրը բողոքել է նրանց ագրեսիվ պահվածքից: Որոշել են, որ ավելի լավ է՝ եղբայրները հիվանդանոցում մնան, մինչև իրավիճակը հանդարտվի:

Արմենը շատ հանգիստ է եղել, նրան միայն քնաբեր են տվել, և 24-րդ օրը դուրս են գրել: Հոգեբույժ Աննա Չիլինգարյանը կարծում է, որ Արմենի թեթև մտավոր հետամնացությունը չի խանգարում նրա սոցիալական ադապտացմանը: Իհարկե՝ նա չի կարող միայնակ հոգ տանել իր մասին, բայց նրա տեղը վստահաբար հոգեբուժական հիվանդանոցում չէ: Եվ եթե նույնիսկ բուժման կարիք ունի, ապա հանգիստ կարող է դա ստանալ տնային պայմաններում:

Հոսպիտալացման պահին Արմենը նորից ստացիոնար բուժման համաձայնություն է ստորագրել: Հարցին՝ ինչո՞ւ է համաձայնություն տալիս, եթե չի ուզում հիվանդանոցում մնալ, Արմենը պատասխանում է, որ բժիշկը կամ բուժքույրն են համոզել: Տարբեր տեղերում, նրա խոսքով, իրեն ասել են՝ «ստորագրիր, այդ ժամանակ կարող ես դուրս գալ՝ երբ ցանկանաս», կամ էլ՝ «ստորագրիր, հակառակ դեպքում ընդմիշտ այստեղ կմնաս»:

«Հոգեբուժական օգնության մասին» օրենքի համաձայն՝ եթե հոգեկան առողջության խնդիր ունեցող անձը հրաժարվում է բուժումից, հոգեբուժական հաստատությունը պետք է երեք հոգեբույժից կազմված փորձագիտական հանձնաժողով հրավիրի և որոշի՝ արդյոք նա հարկադիր բուժման կարիք ունի: Եթե այո՛, հաստատությունը պետք է 72 ժամվա ընթացքում դատարան դիմի, և միայն դատարանի որոշմամբ հարկադիր բուժում սկսի, իսկ այդ գործընթացը կարող է բավականին երկար տևել: Եթե մարդը հարկադիր բուժում է ստանում, այն դադարեցնելու որոշումը նույնպես պետք է դատարանը կայացնի:

Առողջապահության նախարարի խորհրդատու, հոգեբույժ-փորձագետ Լուսինե Արզումանյանի պարզաբանմամբ՝ այն, որ հոգեբույժները խնդիրներ ունեցող անձանց «համոզում» են համաձայնություն տալ՝ հիվանդանոցից ավելի շուտ դուրս գալու համար, իր բացատրությունն ունի:

«Այն, որ բացատրում են, թե ստորագրիր, որ մեկ ամիս հետո բուժվես, դուրս գաս, դա ըստ էության հիվանդներին իրենց իրավունքների, հետագա բուժման ընթացքի կազմակերպման ծանոթացում է, որովհետև մի խնդիր կա. երբ դատարանը որոշում է կայացնում ոչ հոժարակամ բուժման, դա երկարատև պրոցես է, նրան դուրս գրելու որոշումն էլ պետք է դատարանը կայացնի, անկախ այն հանգամանքից, թե հետագա ստացիոնար բուժման կարիք կա, թե ոչ։ Իսկ դա կարող է ամիսներ տևել: Իր կամքով հոսպիտալացված հիվանդը իր կամքով եկել է, իր կամքով էլ կարող է գնալ: Այսպես մարդը կարող է յոթ օր հետո ասել՝ ես լավ եմ, ուզում եմ գնալ, և բժիշկը կարող է իրեն դուրս գրել, եթե նա այլևս ստացիոնար բուժման կարիք և ցուցումներ չունի»,- ասում է նա:

ՄԻՊ աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանի խոսքով, դատարանի կողմից հարկադիր բուժման կամ բուժումը դադարեցնելու մասին որոշման ընդունման համար Հայաստանի օրենսդրությունը ոչ մի ժամկետ չի նախատեսում։ «Դատական վարույթի ժամկետներ մեր երկրում առհասարակ արձանագրված չեն, և գործնականում դա բավականին երկար է տևում, և փաստացի անձը կարող է պահվել անազատության մեջ, անգամ բուժում ստանալ՝ առանց դատական ակտի», - ասում է նա։ Ըստ մասնագետի, այս հարցը օրենսդրական կարգավորման կարիք ունի։

Ինչո՞ւ հոգեբուժարան

Արմենի կարծիքով՝ քույրն ուզում է եղբայրներին ընդմիշտ որևէ հաստատությունում տեղավորել և միանձնյա տնօրինել բնակարանը: Ինքը դեմ չէր լինի կարճատև վերականգնողական բուժում ստանալ, բայց ոչ հոգեբուժարանում։

Քույրը՝ Ռիտան, չցանկացավ հարցազրույց տալ։ Նրա խոսքից միայն հասկանալի դարձավ, որ նա աշխատում է, տանը միայնակ է թողնում առողջական խնդիրներ ունեցող եղբայրներին, և անհանգստանում է նրանց անվտանգության համար։ Պետությունից ստացած միակ աջակցությունը հաշմանդամության չնչին թոշակներն են:

Քրոջը դուր չեն գալիս Արմենի այցելությունները Երևան՝ «Ունիսոն», հեռավորության պատճառով։ Այլ հարց է՝ եթե նման կենտրոն իրենց քաղաքում լիներ: Նրան դուր չեն գալիս նաև Արմենի աշխատելու փորձերը, քանի որ վստահ է, որ նրա մտավոր ունակությունները դա թույլ չեն տալիս, և նրան հեշտությամբ կարող են խաբել։ Արմենին հոգեբուժարան տանելու պատճառը, ըստ նրա, եղբոր ագրեսիվ վարքն է եղել։ Նրա պատկերացմամբ, եղբայրների համար լավագույն լուծումը որևէ խնամքի կենտրոնում տեղավորելը կլինի:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում պարզաբանեցին, որ իրենց ենթակայությամբ գործող խնամքի կենտրոններ կարելի է ընդունվել միայն նախարարության ուղեգրով, բայց անգործունակությունը դրա համար պարտադիր պայման չէ։ Առողջապահության նախարարության ենթակայության հոգեբուժական հաստատություններ ընդունվելու համար նախարարության ուղեգիրը պետք չէ, և հավանաբար հենց այս պատճառով է Արմենը պարբերաբար հայտնվել հոգեբուժական որևէ հաստատությունում։

Իսկ անգործունակ ճանաչվելը հնարավորություն է տալիս անձին հոգեբուժական կամ խնամքի հաստատություն տեղավորել առանց իր համաձայնության։

Անգործունակ ճանաչելու կարգը անհրաժեշտ է վերանայել

Փորձագետները նշում են, որ մարդուն հոգեբուժական կամ խնամքի հաստատությունում տեղավորելու և նրան անձի ազատության իրավունքից զրկելու համար ծանրակշիռ հիմնավորումներ են անհրաժեշտ, որոնք կփաստեն, որ դա նրա լավագույն շահն է:

Գոհար Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանում անգործունակության ինստիտուտը լուրջ վերանայման կարիք ունի:

«Մեզ մոտ անգործունակը գրեթե դառնում է անիրավունակ։ Իրավունակությունն ու գործունակությունը տարբեր բաներ են։ Պետք է լինեն անգործունակության տեսակներ և աստիճաններ։ Պիտի քննարկման առարկա դառնա. եթե գործունակությունը սահմանափակում ենք, ո՞ր իրավունքներն ենք սահմանափակում: Օրինակ՝ անգործունակ ճանաչված մարդու դեպքում հոգեբուժարանում գտնվելու համար բավարար է միայն խնամակալի համաձայնությունը, իր համաձայնությունը չի պահանջվում։ Դատարանի որոշում էլ չի պահանջվում։

Որպեսզի ապահովվի շահերի հավասարակշռումը, քանի որ հարկադիր բուժումով անձի ազատության իրավունքն է սահմանափակվում, պետք է լինի երրորդ և անաչառ մարմինը, որը պիտի որոշի՝ որն է անձի շահերից բխում, և այդ մարմինը պետք է լինի դատարանը», - ասում է նա։

Նշենք, որ վերջերս Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ երեխաների և անգործունակ չափահասների բուժման հարցերում վերջիններիս կարծիքը հաշվի չառնելու սահմանադրականությունը վիճարկելու համար:

«Հարցն այն է, որ ՀՀ գործող օրենսդրությամբ՝ անձի օրինական ներկայացուցչի համաձայնությունն արդեն իսկ բավարար պայման է համարվում երեխաների և անգործունակ չափահասների հոգեբուժական օգնության, այդ թվում՝ հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելու համար: Արդյունքում խախտվում է լսված լինելու և իրազեկված համաձայնություն տալու նրանց իրավունքը:

Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը կարևոր է նաև նրանով, որ վիճարկվող կարգավորումների անկատարությունը վտանգում է իրավունքների իրացման սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների և անգործունակ չափահասների ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, անձնական ազատության և մի շարք այլ հիմնարար իրավունքներ»,- նշված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Լուսինե Արզումանյանի խոսքով՝ համայնքներում (քաղաքապետարաններ, թաղապետարաններ) գործող խնամակալության և հոգաբարձության մարմինները պետք է վերահսկեն խնամակալության կարիք ունեցող մարդկանց։ Նրանք իրավասու են հարկ եղած դեպքում դիմել դատարան անգործունակ ճանաչելու, կամ այդ որոշումը բողոքարկելու, բայց մեզ մոտ դա հիմնականում անում են հարազատները, իսկ այդ մարմինների կողմից չկա պատշաճ վերահսկողություն։

Լուսինե Արզումանյանը նաև նշում է՝ մարդիկ չգիտեն, որ անգործունակության մասին դատարանի որոշումը կարելի է բողոքարկել, դա ցմահ չէ. «Անգործունակ ճանաչված մարդու օրինական ներկայացուցիչը կամ հոգաբարձության մարմինը կարող է դիմել դատարան, անձին գործունակ ճանաչելու պահանջով»:

Գոհար Սիմոնյանը ևս կարծում է, որ խնամակալության և հոգաբարձության մարմինները թերանում են: «Օրինակ՝ եթե ի շահ մարդու նրան անգործունակ են ճանաչել, և նշանակել են խնամակալ, ապա արդյո՞ք խնամակալը կատարում է իր պարտականությունները բավարար ծավալով: Ախր դա արտոնություն չէ՝ ստանալ անձի թոշակը, նրան տեղավորել խնամքի կենտրոնում ու մոռանալ նրա գոյության մասին։ Եթե այդ խնամակալը չի կատարում իր պարտականությունները, ապա պետք է հոգաբարձության մարմինը քննարկման առարկա դարձնի՝ արդյո՞ք այս անձը պետք է շարունակի լինել խնամակալ, թե՞ խնամակալը պետք է փոխվի, որպեսզի անձին պատկանող գույքն ի շահ անձի տնօրինվի»,- նշում է փորձագետը։

Այլընտրանք՝ անգործունակ ճանաչելուն

Ըստ Գոհար Սիմոնյանի՝ հոգեկան առողջության խնդիրներով հարազատ ունենալը շատ դեպքերում մարդկանց համար ուղղակի անտանելի սոցիալական բեռ է, այստեղ պետության աջակցությունը շատ բան կփոխի: Նա գտնում է, որ հարկավոր է զարգացնել համայնքային ծառայությունները, օրինակ, ստեղծել բաց տիպի համայնքահեն տներ, որտեղ հոգեկան առողջության խնդիրներով կամ խնամքի կարիք ունեցող մարդիկ կգտնվեն մասնագետների հսկողության տակ, քանի դեռ նրանց հարազատները աշխատանքի կլինեն։

Լուսինե Արզումանյանի կարծիքով, Հայաստանում պակասում է մի օղակ՝ սոցիալական աշխատողների ինստիտուտը: «Սոցիալական աշխատողը իդեալում պետք է այցելի, պարզի, թե ինչ խնդիրներ կան, զբաղվի հաշմանդամության հարցերով, փաստաթղթերով, հետևի, թե տանը մարդն իր ֆունկցիաներն ինչպես է իրագործում»,- ասում է Լուսինե Արզումանյանը։

Դատարանի որոշումը կրկնակի փորձաքննության վերաբերյալ

2019 թ. ապրիլի 22-ին Արմենի գործով հերթական դատական նիստն է կայացել, որի ընթացքում քննվել է դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը: Որոշումը հրապարակվել է մայիսի 7-ին, բայց քանի որ նիստերը կայացել են Արմենի և վերջինիս ներկայացուցչի բացակայությամբ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը գործը վերսկսելու միջնորդություն է ներկայացրել։

Հաջորդ դատական նիստը տեղի է ունեցել 2019թ. հունիսի 13-ին: Արայիկ Զալյանը դատարանին միջնորդել է կրկնակի դատահոգեբուժական փորձաքննություն անցկացնել:

Փաստաբանի խոսքով՝ միջնորդությունը ներկայացվել է այն հիմքով, որ դիմումատուն պատշաճ հիմնավորումներ չի ներկայացնում, թե ինչու պետք է Արմենն անգործունակ ճանաչվի:  Ըստ նրա, եթե Արմենին խնամք կամ բուժում է անհրաժեշտ, այդ հարցերը կարելի է լուծել՝ առանց նրան անգործունակ ճանաչելու: Իսկ գործունակությունից զրկվելով՝ Արմենը կզրկվի քաղաքացիական գորժարքներ իրականացնելու իրավունքից:

Արայիկ Զալյանի գրավոր միջնորդության մեջ նշված է, որ Արմենը փորձաքննության է ենթարկվել Ռիտայի ներկայությամբ, ինչն ինքնին կարող էր Արմենի նյարդայնանալու պատճառ դառնալ, քանի որ վերջինները լարված հարաբերությունների մեջ են եղել: Եզրակացության բովանդակությունից ակնհայտ է, որ այն կազմվել է՝ ավելի շատ հիմք ընդունելով Ռիտայի խոսքերը, քան Արմենի հոգեկան վիճակի հետազոտությունը: Փաստաբանը կարծում է, որ փորձագիտական հանձնաժողովի եզրակացությունը հստակ չէ, խախտվել են փորձաքննության կատարման դատավարական կանոնները, ուստի ողջամիտ է փորձագիտական եզրակացության հիմնավորված չլինելու վերաբերյալ կասկածը:

«Այս պահի դրությամբ, քանի որ Արմենն ունի մեկ սեփականություն, որտեղ բնակվում է, մենք պետք է ամեն ինչ անենք, որ նրա որևէ իրավունք չխախտվի։ Նախ՝ ես չեմ տեսնում, որ Արմենն անգործունակ է, և մենք գործի նյութերում չունենք ապացույցներ, որ ինքը կկատարի կամ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք չի գիտակցում: Մենք ունենք մեկ հոգեբուժական եզրակացություն, որը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս: Այդ իսկ պատճառով միջնորդեցի, որ լրացուցիչ փորձաքննություն նշանակվի, որը բավարարվեց։ Մենք պետք է նրա իրավունքների պահպանման բոլոր երաշխիքները ստեղծենք»,- ասաց նա։

Լուսինե Արզումանյանը, որը նաև գլխավորում է ՀՀ ԱՆ կից միջգերատեսչական ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովը, հրաժարվեց  մեկնաբանել Արմենի դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը, նշելով, որ այս գործը դեռ դատարանի ուսումնասիրության փուլում է։

Աջակցություն ստանալու իրավունքը

Մեկնաբանելով այս դեպքը, Իրավական հետազոտության և զարգացման կենտրոնի նախագահ Անահիտ Չիլինգարյանը նշում է, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, որը Հայաստանը վավերացրել է (Հայաստանի համար պարտադիր է դարձել) 2010թ-ին, սահմանում է իրավունքի առաջ բոլորի հավասարության ճանաչման անհրաժեշտությունը։ Արմենը ևս ունի այն նույն իրավունքները, որոնք ունեն բոլորը, և պետք է հնարավորություն ունենա իրացնել դրանք, օրինակ՝ որոշի՝ որտեղ բնակվել, ինչպես և ինչ բուժում ստանալ, ինչ ուտել, ուր հաճախել և այլն։

«Արմենը պետք է հնարավորություն ունենա որոշումներ կայացնել իր կյանքի վերաբերյալ, ընդ որում ինչպես ֆորմալ՝ իրավական հետևանքներ ենթադրող, այնպես էլ ոչ ֆորմալ՝ ինչ հագուստ հագնել և այլն։ Եվ բոլորս պետք է հարգենք այդ որոշումները, անկախ այն բանից, թե որքանով ճիշտ կամ սխալ ենք համարում դրանք», - ասում է նա։

Ըստ իրավապաշտպանի, որոշ անձանց համար, ելնելով իրենց առողջական վիճակից կամ այլ հանգամանքներից, հնարավոր է՝ դժվար լինի անձամբ որոշում կայացնելը. այս դեպքում նրանք աջակցություն սատանալու իրավունք ունեն։

«Արմենին անգործունակ ճանաչելը կնշանակի զրկել նրան առաջին հերթին իր կյանքի վերաբերյալ որոշում կայացնելու իրավունքից։ Հաճախ հարազատները դա հիմնավորում են այդ իսկ անձի իրավունքները իրացնելու անհրաժեշտությամբ։

Փոխարենը մենք պետք է մտածենք, թե ինչպես Արմենին կամ հոգեսոցիալական կամ մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց օգնել կողմնորոշվել՝ իրենց մասին որոշում կայացնելիս։

Այս առումով մեր պետությունը դեռևս մեծ աշխատանք ունի կատարելու, օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ, պետք է մշակվի աջակցության համակարգ, որպեսզի անձին անգործունակ ճանաչելու փոխարեն իրացվի նրա աջակցություն ստանալու իրավունքը՝ ելնելով իր ցանկությունից, նախապատվություններից և կարիքներից», - ասում է Անահիտ Չիլինգարյանը։

Ըստ նրա, նույնը վերաբերում է նաև Արմենի հոսպիտալացման հարցին։ Կամավոր բուժումը պետք է լինի որոշում, որը անձը կայացրել է ոչ թե ճնշումների, անտեղյակության կամ բյուրոկրատական քաշքշուկներից խուսափելու հետևանքով, այլ որոշում, որը նա կայացրել է՝ լինելով իրազեկված իր՝ բուժում ստանալու անհրաժեշտության մասին։

«Անգործունակ ճանաչված անձին խնամակալի որոշման հիման վրա բուժման ենթարկելը և ազատազրկելը`հիվանդանոցային բուժման ենթարկելը, անձին համոզելը, որ կամավոր բուժման համաձայնություն տա, որովհետև հակառակ դեպքում նա առավել շատ ժամանակ է ստիպված լինելու անցկացնել հիվանդանոցում՝ նման դեպքերը խախտում են անձի հիմնարար իրավունքները», - պնդում է իրավապաշտպանը։

Արմենը պետք է հնարավորություն ունենա անձամբ որոշել՝ որտեղ և ինչ բուժում, ինչպիսի խնամք ստանալ, ու նրան պետք է տրամադրվի տեղեկատվություն բոլոր հնարավորությունների մասին։ Ընդ որում, այդ տեղեկատվությունը պետք է տրամադրել այնպիսի միջոցներով եւ ձևով, որպեսզի անձը հասկանա այդ տեղեկությունը, հասկանա իր հետագա որոշման հետևանքները։ Գուցե ոչ Արմենի դեպքում, սակայն որոշ դեպքերում այս ամենը կարող է ջանք պահանջել, որը մենք սովոր չենք գործադրել, հաճախ դա կարող է կարծես թե անհնար լինել՝ ելնելով հաղորդակցման կամ այլ դժվարություններից։ Նման դեպքերում, ըստ մասնագետի, պետք է կիրառվի անձի կամքի և ցանկությունների լավագույն մեկնաբանման սկզբունքը, բայց իհարկե այս միջոցը պետք է կիրառվի ծայրահեղ դեպքերում։  

«Իհարկե, այս ամենը ապահովելու համար մենք պետք է ունենանք նաև համայնքում անհրաժեշտ ծառայություններ, ինչը ևս կարևորագույն մարտահրավեր է, որը պետք է լուծվի պետության կողմից»,- նշում է նա։

Հ.Գ. Նյութում քրոջ և եղբայրների անունները փոխված են:

 

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում հեղինակը՝ Անահիտ Սարգսյանը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի, Հանրային լրագրության ակումբի և  «Հետաքննող լրագրողներ» ՀԿի  տեսակետները: 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news