Ուժեղացված ծառայություն Երևանում․ ներգրավվել են ոստիկանության մեծաթիվ ուժեր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով` հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման ուղղությամբ հանրապետության ողջ տարածքում ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունները:

Ինչպես հայտնում են ոստիկանության լրատվական բաժնից, օգոստոսի 20-ին ուժեղացված ծառայություն է իրականացվել մայրաքաղաքում: Ներգրավված էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ենթակա բաժինների, պարեկապահակետային ծառայության գնդի և ճանապարհային ոստիկանության մեծաթիվ ուժեր:

Տարբեր արարքների կասկածանքով ոստիկանության բաժիններ են բերվել կամ բերման ենթարկվել մի շարք անձինք: Ոստիկանության հատուկ ուշադրության կենտրոնում էին երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող, միտումնավոր խախտումներ կատարող վարորդները:

Բոլոր օրինախախտները հայտնաբերվել և ենթարկվել են վարչական պատասխատանվության: Որոշ մեքենաներ տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք:
Հայտնաբերված բոլոր օրինախախտները ենթարկվել են համապատասխան պատժամիջոցի, որոշ դեպքերով էլ նախապատրաստվում են նյութեր:

Հիշեցնենք, որ հասարակական անվտանգության ապահովման, հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման ուղղությամբ ոստիկանության ուժեղացված ծառայությունները շարունակական են:

Ոստիկանությունը հորդորում է պահպահել համակեցության կանոններն ու չխախտել օրենքը: