Ռազմական դրության ժամանակ առողջապահության միասնական կառավարման համակարգն ընդունվեց

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

բժիշկ

Կառավարությունն այսօր հավանություն է տվել առողջապահության նախարարության ներկայացրած «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Այդ մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։ 

«Նախաձեռնությունն առաջարկվել է՝ հաշվի առնելով ռազմական դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծումը և առաջացող խնդիրների արդյունավետ լուծման անհրաժեշտությունը:

Նախագծի ընդունմամբ առաջարկվում է ռազմական դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծում` Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին կառավարման լիազորությունների անցմամբ:

Ռազմական դրության պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) կառավարման լիազորությունները (կադրային ռեսուրսներ, բժշկական գույք, մահճակալային ֆոնդ, բժշկական նշանակության ապրանքներ, տեխնիկական և հարակից միջոցներ, շարժական գույք և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բնականոն աշխատանքն ապահովող օժանդակ միջոցներ և այլն) կվերապահվեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը»,- ասված է հաղորդագրությունում: