Հրաշալի առիթ է հիշելու նրանց, ովքեր իրենց կյանքով են պաշտպանել Արցախի անկախությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 2, 24News

հրայր թովմասյան

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն Արցախի անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նախագահ Բակո Սահակյանին։

«Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Արցախի Հանրապետության ողջ ժողովրդին անկախության 28-ամյակի առթիվ:

Այսօր կարելի է աներկբայորեն ասել, որ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին արցախահայության կողմից անկախ պետականության հռչակումը հայոց նորագույն պատմության կարևորագույն, առանցքային և վճռորոշ էջերից է: Անկախության և ազատության հանդեպ իր ձգտումը արցախցին ստիպված եղավ պաշտպանել ռազմի դաշտում, այնուհանդերձ՝ հայրենի Արցախն ի զորու եղավ արագ հառնել պատերազմի մոխիրներից, վերակառուցել ավերվածը և կայանալ որպես ազատ, իրավական ու ժողովրդավարական պետություն, որտեղ հարգվում են մարդու իրավունքներն և հիմնարար ազատությունները, իսկ իրավունքի գերակայությունը հռչակված է որպես հասարական և հանրային հարաբերությունների հենասյուն։ 

Սա նաև հրաշալի առիթ է հիշելու բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքով են պաշտպանել Արցախի անկախությունը, ինչպես նաև նրանց, ովքեր այսօր էլ իրենց ամենօրյա աշխատանքով նպաստոմ են Արցախի Հանրապետության հզորացմանը և անվտանգության ամրապնդմանը, ժողովրդավարական հաստատությունների ու հանրային կառավարման համակարգի առավել ուժեղացմանը, տնտեսական վերընթաց ապահովմանը, հոգևոր, կրթական ու բազմադարյան մշակութային արժեքների պահպանմանը:

Օգտվելով հնարավորությունից՝ մեկ անգամ ևս շնորհավորում ենք Արցախի Հանրապետության ողջ ժողովրդին այս կարևորագույն պետական տոնի կապակցությամբ», - ասված է ուղերձում։