Մեդվեդևն ընդգծել է Տիգրան Սարգսյանի դերը ԵԱՏՄ զարգացման գործում

ԵՐԵՒՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐ, 24News

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ չորեքշաբթի՝ սեպտեմբերի 4-ին, կայացած հանդիպման ժամանակ ընդգծել է վերջինիս անձնական ներդրումը ԵԱՏՄ զարգացման գործում։ Ինչպես հայտնում է ՌԴ կառավարության ղեկավարի մամլո ծառայությունը, Մեդվեդևը Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հատկապես կարևորել է վերջինիս ղեկավարման տարիներին ԵԱՏՄ շրջանակներում ընդունված որոշումների անհրաժեշտությունը։ 

«Հարգարժան Տիգրան Սուրենի, մենք ձեզ հետ տարբեր շրջանակներում բավական հաճախ ենք հանդիպում։ Իհարկե, առաջնայինը վերաբերվում է ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում մեր ունեցած քննարկումներին, որը շատ կարևոր հարթակ է մեր երկրների առջև ծառացած խնդիրները լուծելու տեսանկյունից։ Մենք պայմանավորվել ենք հանդիպել տարեկան 4 անգամ և պահում ենք այդ պայմանավորվածությունը, որովհետև այդ ընթացքում բազմաթիվ հարցեր են կուտակվում։ Ցանկանում եմ ընդգծել Ձեր հատուկ դերակատարությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարման գործում։ Ինձ թվում է, որ վերջին տարիներին հնարավոր է եղել կազմակերպել հանգիստ, արդյունավետ աշխատանք, երբ առօրյա խնդիրները չեն բերվում ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպման քննարկմանը։ Միևնույն ժամանակ, քննարկման են ներկայացվում իսկապես կարևորագույն հարցեր։ Դուք ձեր մոտ ինքներդ եք ինչ-որ խնդրահարույց հարցեր և առկա վեճեր լուծում, որոնք, իհարկե, առաջանում են։ Եվ, ամենակարևորը, առաջ եք բերում քննարկման համար այնպիսի հարցեր, որոնք մեր «հնգյակի» համար օրակարգային են», - ասել է Մեդվեդևը։ 

Տիգրան Սարգսյան Մեդեդև

ՌԴ կառավարության ղեկավարը կարևորել է նաև ԵԱՏՄ անդամ երկրների թվային տնտեսությանն անցնելու գործընթացը, որը մշակվում է հենց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից։ «Եվս մեկ անգամ ուզում եմ բարձր գնահատել ձեր գործունեությունը ԵՏՀ նախագահի պաշտոնում», - հավելել է նա։ 

Տիգրան Սարգսյան Մեդվեդև

Տիգրան Սարգսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՌԴ վարչապետին ջերմ խոսքերի համար, ընդգծելով, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքների արդյունավետության բարձրացումն ունի առաջնային նշանակություն։ 

«Ձեր անձնական մասնակցությունը և պարբերական հանդիպումներն, անխոս, մեծ խթան հանդիսացան բազմաթիվ հասունացած հարցեր լուծելու համար, և, իհարկե, հնարավորություն կտան շոշափել ու հստակ տեսնել այն հեռանկարային ուղղությունները, որտեղ մենք կարող ենք միասին հասնել նոր հաջողությունների։ Եվ, բնական է, ձեր այն նախաձեռնությունը, որ ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարության ղեկավարները հանդիպում են տարեկան 4 անգամ, հնարավորություն են տալիս իրականացնել այն հիմնարար դրույթները, որոնք դրված են ԵԱՏՄ-ի պայմանագրում։ Այս առումով, այդ որոշումը համարում եմ քաղաքականապես իմաստուն», - հավելել է ԵՏՀ նախագահը։ 

 

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս