Երկրապահը բանակի հետ պատրաստ է պահպանել ազատագրված Արցախի անվտանգությունը՝ կյանքի գնով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Հասարակություն

«Երկրապահ» կամավորականների միության վարչության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության 28-րդ տարեդարձի առթիվ:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ։ Անցած տասնամյակների ընթացքում անկախ Հայաստանի Հանրապետությունը մի շարք փորձությունների միջով է անցել, բայց պետք է արձանագրենք, որ մեր համախմբվածությամբ կարողացել ենք պահպանել, զարգացնել եւ ամրապնդել մեր պետականությունը։

Պատերազմի դաշտում ստիպելով թշնամուն հաշվի նստել անկախ Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովող, բարձր պատրաստվածություն, ռազմական հմտություններ, կարգապահություն, պատիվ ու արժանապատվություն ունեցող մեր մարտիկներին հաղթելու անհնարինության հետ՝ տարեց տարի հասել ենք մեր պետության առջեւ ծառացած սպառնալիքներին դիմակայելու եւ դրանց պատասխանելու համար անհրաժեշտ կարողությունների ձեռքբերմանն ու կատարելագործմանը։ Այդուհանդերձ, ցանկացած անհրաժեշտության դեպքում եռասերունդ Երկրապահը պատրաստ է խաղաղություն հարկադրել ռազմատենչ հռետորաբանությամբ աչքի ընկնող հակառակորդին։

Հարգելի՛ քաղաքացիներ, մեր ամենօրյա առաջնահերթությունների շարքում խիստ կարեւոր եմ համարում Հայաստանի, Արցախի, սփյուռքի սերտ փոխհարաբերությունների հետագա ամրապնդումը, որը բխում է Հայաստանի համար կենսական՝ անվտանգության ապահովման հրամայականից։ Եվ, առհասարակ, պետք է շարունակ աշխատենք եւ հզորացնենք այն ամեն լավը, որ ձեռք ենք բերել այս տարիների ընթացքում։

Մենք խաղաղություն սիրող ազգ ենք, բայց վստահեցնում եմ, որ այսօր երկրապահը հայոց բանակի հետ միասին պատրաստ է իր բոլոր ուժերով պահպանել եւ ամրապնդել ազատագրված Արցախի անվտանգությունը՝ կյանքի գնով։

Մշտապես հիշելով մեր սպարապետի խոսքերը՝ շարունակում ենք առաջ գնալ․

«Ես այս պատերազմին տվել եմ ինչ որ կարող էի, ձեռք եմ բերել հպարտություն: Հանե՛ք այդ հպարտությունը, հանե՛ք այդ գաղափարը, տակը բան չկա: Ես կռվել եմ, կռվում եմ եւ կռվելու եմ գաղափարի համար, նպատակի համար. իմ նպատակի ճանապարհին ոչ ոք ինձ լռեցնել չի կարող, հանգի՛ստ եղեք» ։

Փառք Հայաստանի եւ Արցախի անկախության հասնելու ճանապարհին բոլոր նահատակված մեր եղբայրների շիրիմներին եւ մեծ շնորհավորանք ու խոնարհում նրանց ընտանիքներին եւ հարազատներին»: