ՀՀ-ն կարող է ԱՄԷ համար կամուրջ դառնալ դեպի ԵԱՏՄ շուկա. Փաշինյանի կոչն՝ ԱՄԷ ներդրողներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

քաղաքական

Հայաստանի կառավարությունն ուրախ  կլինի տեսնել ավելի շատ Արաբական Միացյալ Էմիրությունների  ներդրողներ Հայաստանում, և, հետևաբար, պատրաստ է քննարկել տարբեր ոլորտներում ներդրումային հնարավորությունները:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄԷ Gulf news թերթին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ հատկապես հենց հիմա ԱՄԷ ներդրողները պետք է գան Հայաստան:

«Ես արդեն նշել եմ Հայաստանի կառավարության առաջարկած պայմանները, հատկապես ներդրողների մասով: Մենք կարող ենք մեր գործընկերների հետ արդյունավետ համատեղ ներդրումներ կատարել առաջատար տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, արդյունաբերության և այլ ոլորտներում, և ես այժմ կոչ եմ անում ԱՄԷ ներդրողներին՝ ուսումնասիրել Հայաստանի կողմից առաջարկվող տնտեսական հնարավորություններն ու պայմանները: Հայաստանը կարող է նաև ԱՄԷ համար կամուրջ հանդիսանալ դեպի ԵԱՏՄ շուկա:

1998 թվականի դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մենք զարգացնում ենք արդյունավետ և համապարփակ գործընկերություն ԱՄԷ-ի հետ: Այսօր ԱՄԷ-ի հետ Հայաստանի հարաբերությունները կարևոր տեղ են գրավում մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում: Հայ-էմիրաթական համագործակցությունը նոր թափ ստացավ մայիսին Երևանում կայացած Հայաստան-ԱՄԷ միջկառավարական համատեղ հանձնաժողովի առաջին նիստից հետո: Այն արդյունավետ հարթակ է երկկողմ համագործակցության զարգացման և ընդլայնման հնարավորությունների և հեռանկարների վերաբերյալ տեսակետներ փոխանակելու և տնտեսության տարբեր ոլորտներում իրավական դաշտն ընդլայնելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելել է, որ համատեղ հանձնաժողովի աշխատանքների շոշափելի արդյունքներից կարելի է առանձնացնել Աբու Դաբիի «Մասդար» ընկերության և Հայաստանի ազգային հետաքրքրությունների հիմնադրամի միջև վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցության հուշագրի ստորագրումը, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկի և Աբու Դաբիի Գլոբալ Շուկայի միջև փոխըմբռնման հուշագիրը:

«Մենք հավատում ենք, որ միջկառավարական համատեղ հանձնաժողովը կարևոր գործիք է համաձայնագրերի արդյունավետ իրականացման, երկու երկրների միջև տնտեսական կապերի ակտիվացման, այդ թվում` B2B և B2G ձևաչափերով գործարար համաժողովների, երկկողմ գործարար այցելությունների համար՝ ի լրումն տարբեր ցուցահանդեսներում փոխադարձ մասնակցության: Մենք իսկապես բարձր ենք գնահատում երկու երկրների միջև առևտրաշրջանառության վերջին դրական միտումները: ԱՄԷ-ն հուսալի գործընկեր է մեզ համար առևտրի և ներդրումների ոլորտներում, ինչպես նաև կարևոր հանգույց է Պարսից ծոցի տարածաշրջանի և ասիական երկրների շուկաների հասանելիության առումով»,- ասել է ՀՀ վարչապետը:

Նրա խոսքով՝ միևնույն ժամանակ, համագործակցության հսկայական ներուժ կա գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, քիմիական արդյունաբերության, անշարժ գույքի և հանքարդյունաբերության ոլորտներում, որոնցից ոչ մեկը դեռևս պատշաճ կերպով չի օգտագործվում:

«Մենք ողջունում ենք ԱՄԷ գործարարների կողմից Հայաստանի տնտեսության մեջ իրականացված բազմաոլորտ ներդրումները և պատրաստ ենք տրամադրել բոլոր անհրաժեշտ հնարավորությունները Հայաստանում ներդրումներ կատարող էմիրաթական ընկերություններին»,- եզրափակել է վարչապետը:

Տեսանյութեր

Live

Լրահոս