«Էրեբունի» բժշկական քոլեջի ուսանողները մահակներով ու քարերով ծեծել են իրար․ ահազանգ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

Ծեծ

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 11-ին, ոստիկանություն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, թե մոտ տասը րոպե առաջ Տիտոգրադյան փողոցում մոտ տասը հոգով մի երեխայի են ծեծել: Այդ մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Մեկնել է ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը: Բաժնի քրեական հետախույզների և անչափահասների գործերով տեսուչների համատեղ միջոցառմամբ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ 16-17 տարեկան տղաներ, մեծ մասամբ «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի ուսանողներ, և մի քանի անհայտ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, մահակներով ու քարերով հարվածներ են հասցրել միմյանց, հնչեցրել են հայհոյանքներ և վնասել կայանված «Տոյոտա Քեմրի» մեքենան:

Խուլիգանություն կատարելու կասկածանքով վեց պատանի բերման է ենթարկվել բաժին և տվել բացատրություն:

Հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր: