Ինքնահրկիզման փորձ ձեռնարկած քաղաքացին 4 երեխաների հայր է. Հակոբ Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

ինքնահրկիզմանփորձ

Այսօր քաղաքապետրանի դիմաց ինքնահրկիզման փորձ ձեռնարկած քաղաքացին բազմազավակ ընտանիքի հայր է, ունի 4 երեխա։ Այս մասին այսօր՝ մարտի 4–ին, News.am-ին հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ իրենք չգիտեն, թե քաղաքացին այսօր ինչ խնդրով է գնացել քաղաքապետարան, բայց նրան ճանաչում են քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչությունում։

«Քաղաքացուն բավական առարկայական օգնություն է տրամադրվել քաղաքապետարանի կողմից։ Շենգավիթում տրամադրվել է բնակտարածք, հողամաս։ Քաղաքացուն օժանդակություն տրվել է, իսկ թե ինչն է այդպիսի ծայրահեղ քայլի պատճառը, կարծում եմ, պետք է իրավապահները պարզեն»,– ասաց Կարապետյանը։

Ավելի վաղ հայտնի էր, որ այսօր՝ կեսօրին, քաղաքացին ինքնահրկիզման փորձ է ձեռնարկել Երևանի քաղաքապետարանի առջև, սակայն տեղում հերթապահություն իրականացրած ոստիկանները կանխել են ողբերգական զարգացումը։ Ոստիկաններից մեկն էլ ասել է, որ տղամարդուն հաճախ են տեսել քաղաքապետարանում։ Ի դեպ նա մենակ չէր գնացել քաղաքապետարան, այլ իր 3 անչափահաս երեխաների հետ։ Ոստիկանները նրան տեղափոխել են Երևանի ոստիկանության կենտրոնի բաժին։ Ավելի ուշ ոստիկանության լրատվական ծառայությունից հաղորդել էին, որ քաղաքացուն տեղափոխել են բուժհաստատություն։