Հրդեհ՝ Արարատում. անասնագոմում սատկել են 150-ից ավելի խոզ ու գոջի, վնասը՝ 15 միլիոն դրամ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

խոզ

Մարտի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը սահմանում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարա ծառայության 9-11 օպերատիվ կառավաման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիսի 9-րդ փողոցի 1/18 հասցեում գործող անասնաֆերմայում հրդեհ է բռնկվել և անհրաժեշտ է հրշեջների օգնությունը։

Ըստ աղբյուրի՝ մինչ կժամանեին Մասիսի հրշեջ փրկարարները՝ 4 մարտական հաշվարկով, կրակի դեմ պայքարել են քաղաքացիները, անասնաֆերմայի աշխատակիցները, սակայն անզոր են եղել կանխել կրակի տարածումը։ Մասիսի հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ մարել են անասնաֆերմայում առաջացած հրդեհը։

Ըստ աղբյուրի՝ անասնաֆերմայի աշխատակիցները, վտանգելով իրենց կյանքը, անասնագոմից դուրս են բերել մայրացու խոզերին և գոջիներին, որից հետո նրանց միացել են Մասիսի և Արտաշատի հրշեջ-փրկարարները, որոնք նույնպես դուրս են բերել ու անվտանգ վայր են տեղափոխել խոզերին։

Հրդեհը մարելուց հետո անասնագոմում հայտնաբերվել են 150-ից ավելի սատկած խոզեր ու գոջիներ, իսկ այն խոզերն ու գոջիները, որոնք որ փրկվել են, մեծ մասը, ըստ մասնագետի, հնարավոր է՝ չապրեն, քանի որ ամբողջովին ստացել են այրվածքներ։

«Էս ֆերման զրոյից ստեղծել են 4 եղբայրներով, որոնք «Ագբա Կրեդիտ Ագրկոլ» բանկից վարկ են վերցրել ու զրոյից ստեղծել են։ Առավոտից իրիկուն զբաղվում էին խոզաբուծությամբ և հենց 4 եղբայրների շնորհիվ նաև աշխատատեղեր էին ստեղծվել, հետագայում էլ պետք է ընդլայնվեր ու ավելանար աշխատողների թիվը։ Կրակը ոչ հոսանքից է առաջացել, ոչ էլ ֆերմայի աշխատակիցներից, այլ հարևանի տնից, ում բազմիցս հորդորել, խնդրել ենք, որ դրսում չոր խոտը չվառի, սակայն տարիքով կին է, ուրիշ ձևի մեզ թույլ չէինք տալիս նրան ասել։ Հիմա խնդրանքով դիմում ենք, առաջին հերթին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ վարչապետը խրախուսել ու խրախուսում է աշխատատեղերի ստեղծումը։ Ուզում ենք հավատալ, որ կառավարությունը, ինչո՞ւ չէ, նաև Արարատի մարզպետարանը, օգնության ձեռք կմեկնի եղբայրներին, ովքեր այս փորձությունից պատվով դուրս կգան։ Իսկ դրա համար անհրաժեշտ է կառավարության աջակցությունը։ Նրանք կառավարությունից ոչ փող են ուզում, ոչ էլ՝ չգիտենք ինչեր, ուղղակի խնդրում ենք, առաջին հերթին, կառավարությունը միջնորդի վարկային կազմակերպությանը, «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկին՝ մի քանի տարով սառեցնի վարկը, իսկ կառավարությունն էլ պահուստային ֆոնդից գումար հատկացնի, բայց ոչ անվերադարձ, մարդիկ հաստատ 1-2 տարվա ընթացքում մայր գումարը կվերադարձնեն, բայց դրա արդյունքում նորից ֆերման կգործի, կբացվեն նոր աշխատատեղեր»,-ասել է տուժածներից մեկը:

Ըստ աղբյուրի՝ Անասնաֆերմայի աշխատակիցները հենց իրենց միջոցներով ստեղծել էին միջազգային չափանիշներին համապատասխան սպանդանոց, և առաջիկա օրերին պետք է հանձնաժողովը գար և թույլ տար՝ սպանդանոցը շահագործվեր, սակայն հիմա թե՛ գյուղացիներին, թե՛ անասնաֆերմայի աշխատակիցներին մտահոգում է վարկի խնդիրը։

Ըստ աղբյուրի՝ հրդեհի հետևանքով պատճառվել է մոտ 15 մլն դրամի վնաս և կրակի հետևանքով անասնագոմի տանիքը, ներսի փայտյա կառուցատարրերը, ինչպես նաև անասնաֆերմայի տարածքում տնկված մեծ թվով մրգատու ծառեր ջերմահարվել են։