Քոչարյանի պաշտպանը դիմել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

ռոբերտ քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը հերթական դիմումն է ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Ա. Ասլանյանին՝ դատավոր Աննա Դանիբեկյանի անաշխատունակության վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով։

Փաստաբանն ընդգծել է, որ նախորդ դիմումներում բարձրացված հարցերն ուղղված են եղել հենց իրեն՝ պարոն Ասլանյանին, և ոչ թե դատավոր Աննա Դանիբեկյանին։

«Խնդրում եմ, ի վերջո, պատասխանել վերը նշված հարցերին, եթե, իհարկե, մտահոգոթյուն չունեք, որ Ձեր կողմից ներկայացվող պատասխանները կարող են օգտագործվել  Ձեր դեմ քրեական վարույթի շրջանակներում», - իր դիմումի մեջ նշել է Խուդոյանը։

Հիշեցնենք, որ նախորդ երեք դիմումներում փաստաբանը խնդրել է հայտնել, թե ե՞րբ է ստացվել դատավորի՝ մինչև ապրիլի 16-ը անաշխատունակության վիճակում գտնվելու մասին տեղեկությունը, արդյո՞ք դատարանի աշխատակազմի ներկայացուցիչը փորձել է ճշտել՝ տիկին Դանիբեկյանը համաձա՞յն է, որ իր բացակայության հիմքերը ներկայացվեն Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններին և արդյո՞ք իրականությանը համապատասխանում է համացանցում հայտնված այն տեղեկությունը, որ դատավոր Դանիբեկյանի բացակայության պատճառը քթի վիրահատությունն է: