Թորոսյանի հայտարարությունը կարող է հայ-վրացական հարաբերության վատթարացման պատճառ դառնալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

արշավիր

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Վրաստանում կորոնավիրուսի տարածման վիճակագրության վերաբերյալ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարություններին և վրացական կողմի արձագանքին: Գրառումը՝ ստորև.

«Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր հայտարարություններով Հայաստանի անվտանգության համար սպառնալիքներ է ստեղծում:

Հատկապես հարևան Վրաստանի առողջապահական համակարգի վերաբերյալ նրա հնչեցրած հայտարարությունները, որը այդ երկրի պաշտոնյաներին ստիպել են կոշտ հակադարձել, կարող է հայ-վրացական հարաբերությունների վատթարացման պատճառ դառնալ:

2 փակ սահմանի պայմաններում, Վրաստանին ուղղված այս հայտարարությունները բազմաթիվ հարցեր են առաջացնում: Կարծում եմ՝ ՀՀ ԱԳՆ-ից Թորոսյանի հետ անհրաժեշտ զրույց ունեցած կլինեն, սակայն Վրաստանի հետ ունեցած հարաբերությունների բազմաթիվ առանձնահատկություններ հաշվի առնելով, կարծում եմ, որ թեման զուտ զրույցով կամ դիտողությամբ չպետք է սահմանափակել:

Կարծում եմ, որ այս պայմաններում ՀՀ ԱԱԾ-ն ևս անելիք ունի: ՀՀ պաշտոնյան հնչեցրել է հայտարարություններ, որոնք կարող են նոր խնդիրներ առաջացնել առանց այդ էլ լարված տարածաշրջանում, լրջորեն վնասել մեր համար առանցքային նշանակություն ունեցող երկրի հետ հարաբերությունները՝ իր հետ բերելով նոր սպառնալիքներ (այս մասով դեռևս փակագծերը չեմ բացի)»:

Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանը կասկածի տակ էր դրել Վրաստանում կորոնավիրուսի վերաբերյալ հրապարակված տվյալները, ինչից հետո Վրաստանի ինֆեկցիոն պաթոլոգիաների, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունաբանության գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Թենգիզ Ցերցվաձեն հայտարարել էր, որ Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կա՛մ պետք է հիմնավորի Վրաստանում COVID-19-ով ստեղծված իրավիճակի վերաբերյալ «սխալ» գնահատականը, կա՛մ ներողություն խնդրի: 

Տեսանյութեր

Live

Լրահոս