ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանն ազատ արձակվեց

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանն ազատ արձակվեց։ Հայրապետյանի պաշտպան Ռաֆայել Ամիրխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ արդարամիտ դատավոր Ալեքսանդր Ազարյանի` բավարարեց բողոքս, բեկանեց Առաջին ատյանի դատարանի որոշումը և Ջանիբեկ Հայրապետյանին ազատ արձակեց կալանքից։ 

«Ի վերջո արդարությունը հաղթեց, իսկ պարոն Ազարյանը ևս մեկ անգամ ապացուցեց, թե որն է իրական Դատավորի բուն առաքելությունը` իսկական արդարադատություն իրականացնելը»,- գրել է Ամիրխանյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, բավարարել է Ջանիբեկ Հայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը։ Նախկին պատգամավորը մեղադրվում է տարիներ առաջ՝ 2016թ մայիսի 9-ին տեղի ունեցած ծեծկռտուքի գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելու կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելու հատկանիշներով։

--00--ԿԿ