Ամեն ուսումնական տարում աշակերտները կարող են 1 անգամ անվճար այցելել թանգարան, թատրոն, համերգասրահ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

28080197_1914161685561461_1220548491_o.thumb_.jpg

2022 թվականի «Դպրոցական բաժանորդային համակարգի ներդրման» ծրագիրը գործարկվել է ապրիլի 17-ից: Ծրագիրը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտների և նրանց ուղեկցող ուսուցիչների համար (յուրաքանչյուր 10 աշակերտի համար՝ մեկ ուղեկցող ուսուցիչ):

Ծրագրից օգտվելու նախապայմաններն են.

Յուրաքանչյուր աշակերտ ուսումնական տարվա ընթացքում հնարավորություն ունի մեկ անգամ անվճար այցելելու մշակութային երեք հաստատություն՝ թանգարան, թատրոն, համերգասրահ:

Մուտքի տոմսը բաղկացած է երեք մասից՝ համապատասխանաբար ներկայացնելով թանգարան, թատրոն և համերգասրահ բաժինները:

Մշակութային հաստատության ընտրությունը կատարում են աշակերտները, խմբային այցելությունների դեպքում՝ առաջնորդվում ուսուցչի առաջարկությամբ:

Տոմսի համապատասխան բաժինը հանձնվում է համապատասխան կազմակերպությանը՝ հետագա հաշվառման նպատակով:

Այցելությունները պետք է նախապես ամրագրվեն և համաձայնեցվեն մշակութային կազմակերպությունների հետ:

Թատերական և համերգային կազմակերպությունն իրավունք ունի սահմանելու և առաջարկելու համապատասխան քանակությամբ տեղեր:

Թանգարաններում բաժանորդային տոմսն ապահովում է միայն ընդհանուր ցուցադրության մուտքը. ուղեկցությամբ շրջայցերը վճարովի են և պետք է նախապես համաձայնեցվեն թանգարանի հետ:

Բաժանորդային համակարգը հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտներին, անկախ սոցիալական կարգավիճակից, բնակության վայրից և մշակութային հաստատության հասանելիությունից, մասնակցելու իր համայնքի կամ ՀՀ ցանկացած այլ քաղաքի մշակութային միջոցառմանը:

Ծրագիրը երաշխավորում է դպրոցահասակների մշակութային կրթության իրավունքի իրացման նվազագույն հնարավորությունը՝ միաժամանակ մշակութային հաստատություններին ընձեռելով նոր այցելուներ ունենալու և մշակութային այլ օջախների հետ հավասար պայմաններում մրցակցելու հնարավորություն:

--00--ՀԶ