Ուղևորը հափշտակել է տաքսու վարորդի պարանոցի ոսկե շղթան ու փախել

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Օգոստոսի 28-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում կողոպուտի վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Տուժողը նշում էր, որ ժամը 4.35-ի սահմաններում հաշփտակել են ոսկյա շղթա։

Արաբկիրի քրեական հետախույզները ձեռնարկեցին միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու և հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու ուղղությամբ։ Տուժողը տաքսու վարորդ էր։ Ժամը 3.30-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում երկու հոգի կանգնեցրել էին նրա մեքենան։ Ուղևորվել էին դեպի Ավան՝ Մարշալ Խուդյակովի փողոց։ Այստեղ նրանցից մեկն իջել էր։ Մյուսի հետ շարունակել էին ճանապարհը Արաբկիր համայնք՝ Շահսուվարյան փողոց։

Հասնելով տեղ՝ ուղևորը բացահայտ հափշտակել էր տաքսու վարորդի պարանոցի ոսկյա շղթան ու փախել։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների միջոցառումները դեպքից օրեր անց արդյունք տվին։ Պարզվեց, որ կողոպուտը կատարել է Երևանի 39-ամյա մի բնակիչ։ Նա հայտնաբերվեց, ձերբակալվեց և ներկայացվեց քննչական ստորաբաժանում։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվում է նախաքննություն։

--00--ԱՀ