ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Արգենտինայի փոխնախագահ և նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները դատապարտվել է վեց տարվա ազատազրկման և ցմահ զրկվել պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Այնուամենայնիվ, նա կշարունակի պաշտոնավարել, քանի դեռ ընթանում է դատավճռի բողոքարկման գործընթացը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին:
69-ամյա Ֆերնանդես դե Կիրշները մեղավոր է ճանաչվել խարդախության մեջ. ըստ մեղադրող կողմի՝ 2007-2015 թթ.-ին իր նախագահության տարիներին Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները կաշառքի դիմաց հանրային ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել իր ընկերոջ հետ:
Գործարար, շինարարական ընկերության սեփականատեր Լասարո Բայեսը, ում մեղադրում են այս սխեմայից օգտվելու մեջ, նույնպես դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Անցյալ տարվանից նա արդեն դատապարտված էր 12 տարվա ազատազրկման փողերի լվացման համար:
Մեղադրող կողմը նշում է, որ բացահայտվել են տասնյակ տենդերներ, որոնք տրվել են Սանտա Կրուզ նահանգում շինարարության համար, սակայն շինարարական նախագծերից շատերն այդպես էլ ավարտին չեն հասցվել: Ըստ դատախազի՝ սա Արգենտինայի ամենամեծ կոռուպցիոն սխեման է, որը երկրին պատճառել է առնվազն 1 միլիարդ դոլարի վնաս:
Ըստ BBC-ի՝ քիչ հավանական է, որ Արգենտինայի փոխնախագահը կազատազրկվի, քանի որ զբաղեցրած պաշտոնները նրան որոշակի անձեռնմխելիություն են տալիս: Բացի այդ, ակնկալվում է, որ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները երկարատև բողոքարկման գործընթաց կսկսի: Փոխնախագահը նշում է, որ իր դեմ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն:
--00—ՅՄ