Բավարարվել է սպանության փորձի մեջ մեղադրվողի վճռի դեմ դատախազների վերաքննիչ բողոքը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 14, 24News

Thumbnail

2016թ. փետրվարի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել էր, որ 2016թ. փետրվարի 9-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում գտնվող ավտոլվացման կետի մոտ Դ. Հ.-ն վիճաբանել է Ս. Մ.-ի հետ, որի ընթացքում ապտակել է վերջինիս: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից:

Տեղի ունեցած վիճաբանությունից հետո Ս. Մ.-ն փորձել է հանդիպել Դ. Հ.-ին՝ իրեն ապտակելու համար պարզաբանում ստանալու նպատակով: Նույն օրը՝ ժամը 18։30-ի սահմաններում, գործով վկա մեկ այլ անձի հետ Ս. Մ.-ն իր «Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայով շրջել են Դիլիջան քաղաքում՝ սպասելով Դ. Հ.-ի զանգին: Ժամը 22։00-ի սահմաններում, երբ նրանք, փնտրելով Դ.Հ.-ին, վերադառնում էին Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասից, Կալինինի փողոցի 4-րդ նրբանցքի հատվածում վերջինս, ապօրինի կերպով ձեռք բերված և պահվող հրազենով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար Ս. Մ.-ին կյանքից զրկելու՝ սպանելու նպատակով, առնվազն վեց կրակոց է արձակել նշված մեքենայի ուղղությամբ:

Դրա հետևանքով Ս. Մ.-ն ստացել է աջ սրունքի վերին երրորդականի հրազենային գնդակային վիրավորում, ազդրի, ծնկահոդի և սրունքի շրջանի բազմաթիվ սալջարդ վերքերի ձևով, այսինքն` նրա առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով: Մնացած կրակոցները դիպել են մեքենայի տարբեր հատվածներին: Դավիթ Հակոբյանը հանցագործությունն ավարտին չի հասցրել զուտ այն պատճառով, որ կրակոցների պահին վարորդը կտրուկ արագացրել է մեքենայի ընթացքը և հեռացել դեպքի վայրից»։

2016թ. փետրվարի 12-ին դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ և որոշում է կայացվել Դ. Հ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավվելու մասին:

Նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 2016թ. մարտի 9-ին նա կամովին ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին: Ելնելով ձեռք բերված փաստական տվյալներից՝ Դ. Հ.-ին վերջնական մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: 2017թ. փետրվարի 15-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Դատական քննության արդյունքում 2017թ. նոյեմբերի 28-ին դատարանը ճանաչել և հռչակել է ամբաստանյալ Դ. Հ.-ի անմեղությունը՝ հանցագործություններին նրա մասնակցությունն ապացուցված չլինելու, գործով տուժողների և վկաների տված ցուցմունքներում էական հակասություններն լինելու, Դ.Հ.-ին դատապարտելու համար համարժեք ապացույցների բավարար համակցության բացակայության պատճառաբանությամբ:

Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ գործով մեղադրող դատախազը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ներկայացրել են վերաքննիչ բողոքներ, որոնք ընդունվել են վարույթ։

Մեղադրող կողմի կարծիքով առաջին ատյանի դատարանի դատավճիռը եղել է անհիմն և դրանում բերված պատճառաբանությունները չեն բխել գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությունից: Մասնավորապես՝ հաշվի չի առնվել, որ դեպքից անմիջապես հետո ամբաստանյալը դիմել է փախուստի՝ շուրջ մեկ ամիս թաքնվելով վարույթն իրականացնող մարմնից, ինչի կապակցությամբ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Փաստարկվել է, որ Դ. Հ.-ի հանցանքը հիմնավորված է գործով ձեռք բերված և դատարանում հետազոտված ապացույցների բավարար համակցությամբ, ինչպիսիք են գործով տուժողի, մի քանի վկաների, պաշտպանության միջոց կիրառված անձի՝ նախաքննության ժամանակ տրված ցուցմունքները: Բացի այդ, անհամաձայնություն է արտահայտել պաշտպանության միջոց կիրառված վկայի ցուցմունքը միակ և վճռորոշ ապացույցը հանդիսանալու Առաջին ատյանի դատարանի պատճառաբանության առնչությամբ՝ նշվելով, որ նշված վկայի ցուցմունքը միակ և վճռորոշ ապացույցը չէ, և ամբաստանյալի հանցանքը հիմնավորող ապացույցներ են հանդիսանում նաև դեպքի վայրի զննության մասին կազմված արձանագրությունները, համալիր մի քանի փորձաքննությունների եզրակացությունները։

Բողոքում փաստարկվել է նաև, որ հանցավորը գիտակցել է իր գործողության՝ հանրության համար վտանգավոր բնույթը, ունեցել է ուրիշին մահ պատճառելու դիտավորություն, ինչի մասին են վկայում նաև կրակոցների քանակը, ուղղությունը, կրակոցներին նախորդող ժամանակահատվածում տուժողի և հանցավորի գործողությունների բնույթը, հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով ընտրված առարկան և այլն։ Իսկ մահացու հետևանքը վրա չի հասել այն պատճառով միայն, որ հանցավորի կողմից նաև ոչ դիպուկ կրակոցներ են արձակվել, իսկ սպառնացող վտանգից խուսափելու նպատակով վարորդն անմիջապես արագացրել է ավտոմեքենայի ընթացքը և հեռացել դեպքի վայրից։

Քննության առնելով բողոքը՝ Վերաքննիչ դատարանը, արձանագրել է, որ առաջադրված մեղադրանքում Դ. Հ.-ին անմեղ ճանաչելու և արդարացնելու մասին Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և դրանում բերված հետևությունները հիմնավորված և պատճառաբանված չեն: Մասնակիորեն բավարարելով մեղադրող կողմի ներկայացրած բողոքները՝ Վերաքննիչ դատարանը բեկանել և փոփոխել է առաջին ատյանի դատարանի դատավճիռը։ Դ. Հ.-ին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ վերջինիս նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում 9 տարի ժամկետով։