ՆԳՆ կստեղծվի․Ոստիկանությունը, Միգրացիայի և քաղծառայությունը և Ոստիկանության զորքը կներառվի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News 

ՆԳՆ

Կառավարության ապրիլի 15-ի նիստում Ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին որոշում է ընդունվել։

Որոշումն առաջարկում է ՀՀ իշխանության մարմինների համակարգում կազմավորել ներքին գործերի բնագավառում պետական քաղաքականությունը մշակող եւ իրականացնող պետական կառավարման մարմին՝ Ներքին գործերի նախարարություն:

Ըստ հիմնավորման՝ Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի ֆինանսական գնահատման տվյալներով՝ ներքին գործերի նախարարության կազմավորման միջոցառման բյուջեն կազմում է 25.000.000 դրամ։ Այդուհանդերձ, որոշակի ֆինանսական ներդրումներ կպահանջվեն նաեւ պետական բյուջեից, որն ուղղված է լինելու, մասնավորապես, աշխատավարձերի ու վարձատրությունների վճարմանը:

Ներկայացվող օրենքների նախագծերի համաձայն՝ Ներքին գործերի նախարարության ենթակա մարմիններ են լինելու Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը, ինչպես նաեւ նախարարությանը ենթակայությանն է հանձնվելու ներկայումս Ոստիկանության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունը՝ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը։

Ենթակա մարմինների ղեկավարներին, բացառությամբ Ոստիկանության զորքերի, պաշտոնի նշանակելու եւ այդ պաշտոնից ազատելու է վարչապետը ներքին գործերի նախարարի առաջարկությամբ։ Ոստիկանության զորքերի հրամանատարին նշանակելու եւ պաշտոնից ազատելու է ՀՀ նախագահը։

Ընդհանուր տրամաբանությամբ, ոստիկանության պետը շարունակելու է իրականացնել ոստիկանության ամենօրյա անմիջական ղեկավարումը, իսկ ներքին գործերի նախարարը պատասխանատու է լինելու ոլորտի քաղաքականության մշակման եւ իրականացման, կադրային նշանակումներ է կատարելու ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում։

Նույն կերպ ոստիկանության գլխավոր խմբի պաշտոնների ծառայողներին կարգապահական տույժի է ենթարկելու նախարարը, իսկ մյուս խմբերի պաշտոնների ծառայողներին՝ ոստիկանության պետը։

Նախարարության ենթակայությամբ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տեղակայումը պայմանավորված է միգրացիոն իրավիճակի շարունակական փոփոխությամբ եւ միգրացիոն քաղաքականության գերակայությունների վերագնահատմամբ։

Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության ղեկավարին «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան նշանակելու է վարչապետը՝ ներքին գործերի նախարարի առաջարկությամբ,

Այսպիսով, Նախարարության ենթակա մարմիններն են լինելու՝

-       Ոստիկանություն

-       Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն

-       Ոստիկանության զորքեր։

Նախարարության ենթակայությանն է հանձնվելու նաեւ ուսումնական կենտրոնը՝ որպես պետական ոչ առեւտրային կազմակերպություն։

Նախատեսվում է Նախարարության կազմում ներառել հետեւյալ հիմնական կառուցվածքային ստորաբաժանումները՝

-       Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման եւ մոնիթորինգի վարչություն,

-       Միջազգային համագործակցության վարչություն,

-       Հանրային ծառայությունների որակի ապահովման վարչություն,

-       Հակակոռուպցիոն վարչություն։

Նախարարության կառուցվածքում նախատեսվում է ստեղծել հետեւյալ աջակցող ստորաբաժանումները՝

-       Իրավաբանական վարչություն,

-       Ֆինանսաբյուջետային վարչություն,

-       Տնտեսական վարչություն,

-       Մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն,

-       Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն,

-       Գործավարության եւ գաղտնիության ռեժիմի ապահովման վարչություն,

-       Կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն։

Նախարարության նման կառուցվածքի պայմաններում նախատեսվում է ոստիկանության հիմնական մասնագիտական եւ աջակցող ստորաբաժանումների հետեւյալ դասավորությունը.

Ոստիկանության հիմնական մասնագիտական ստորաբաժանումներ

-               Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն,

-               Ոստիկանության զորքերը,

-               Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչություն,

-               Պետական պահպանության գլխավոր վարչություն,

-               Շտաբ,

-               Օպերատիվ փնտրողական վարչություն,

-               Պարեկային ծառայություն (վարչության իրավունքով),

-               Օպերատիվ կառավարման կենտրոն (վարչության իրավունքով),

-               Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո (վարչության իրավունքով),

-               Բժշկական վարչություն,

-               Փորձաքրեագիտական վարչություն։

Ոստիկանությանն աջակցող ստորաբաժանումներ եւս կստեղծվեն:

Ոստիկանության համակարգի մաս են կազմում նաեւ ոստիկանության տարածքային ստորաբաժանումները։

Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության համար նախատեսվում է հետեւյալ կառուցվածքը.

Միգրացիայի ու քաղաքացիության ծառայության հիմնական մասնագիտական  ստորաբաժանումներ

•         Ծրագրերի, հսկողության եւ վիճակագրության բաժին,

•         Բնակչության պետական ռեգիստրի վարման եւ սպասարկման բաժին,

•         Քաղաքացիության շնորհման եւ դադարեցման բաժին,

•         Քաղաքացիության պարզման եւ վերադարձի բաժին,

•         Ապաստանի հարցերի բաժին,

•         Վիզաների  եւ կացության բաժին,

•         Օտարերկրացիների վերադարձի բաժին,

•         Անձնագրային բաժին։

Միգրացիայի  ու  քաղաքացիության  ծառայության աջակցող ստորաբաժանումներ եւս կստեղծվեն:

Միգրացիայի ու քաղաքացիության ծառայության համակարգի մաս են կազմում նաեւ ծառայության տարածքային ստորաբաժանումները։

--00—ՄՀ 

Տեսանյութեր

Live

Լրահոս