Թուրք պաշտոնաթող դեսպանը խոսել է Էրդողանի քաղաքականության մասին

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 22,  24 News       

թուրքիա
   

Թուրք պաշտոնաթող դեսպան Սելիմ Քարաօսմանօղլուն թուրքական «Cumhuriyet» թերթի հետ զրույցում գնահատականներ է տվել Թուրքիա-Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) և Թուրքիա-Իսրայել հարաբերությունների վերաբերյալ։

Նա նշել է, որ Թուրքիայի և ԱՄԷ-ի առաջնորդների միջև նախորդ շաբաթ կնքված թվով 13 պայմանագրերը՝ բացառությամբ մշակութային ոլորտին վերաբերողներից, այն նախագծերն են, որոնք Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) իշխանությունը և ԱՄԷ-ն ցանկանում էին իրականացնել երկկողմ հարաբերությունների վատթարացումից առաջ։

Քարաօսմանօղլուի խոսքով՝ երկու երկրները համատեղ ծրագրերի համար կարող են ներդրումներ անել «Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերություն» (TAİ) կամ «Ռոքեթսան հրթիռային արդյունաբերության և առևտրի» (ROKETSAN) ընկերություններում։ Նա նշել է, որ ԱՄԷ-ն կարող է հետաքրքրվել նաև Քոնյայում, Էրզրումում և Վանում արևային էլեկտրաէներգիայի կայանների նախագծերով։

Պաշտոնաթող դեսպանն ընդգծել է Թուրքիայի դերը ԱՄԷ-ի համար Եվրոպա դուրս գալու տեսանկյունից և որպես երկիր, որը կարող է մերձեցնել Իսրայելին և ԱՄԷ-ին։

«Իսյարելը Թուրքիայի համար կարևոր է ոչ միայն մեր աշխարահագրական միջավայրում, այլև Կովկասում։ Բացի այդ, շատ չմատնանշվեց, բայց Ադրբեջանի և Հայաստանի միջև ղարաբաղյան պատերազմում ևս Իսրայելը մեծ ներդրում ունեցավ»,-նշել է նա։

Քարաօսմանօղլուի ընդգծմամբ՝ եթե ԱԶԿ-ի կառավարությունը արտաքին քաղաքականության մեջ գաղափարական մոլուցքով չտարվի, Թուրքիայի հարաբերություններն Իսրայելի և ԱՄԷ-ի հետ դրական ընթացք կունենան։

«Երեկ վատ էր, այսօր լավացավ, վերջակետ։ Պետք է շարժվենք այնպես, ինչպես պահանջում են մեր ազգային շահերը։ Ինչպես ասում են անգլիացիները՝ Անգլիան բարեկամներ չունի, ունի շահեր»,-եզրափակել է նա։

--00—ՄՀ