Նախագծով նախանշվել են արտադպրոցական հաստատությունների ատեստավորված մանկավարժների լրավճարների չափերը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

1103296.jpg

ՀՀ ազգային ժողովի նախաձեռնությամբ փետրվարի 3-4-ը կազմակերպվել է «Ոչ ֆորմալ ուսուցման արտադպրոցական դաստիարակության (ԱԴԴ-խմբ.) ոլորտի օրենսդրական կարգավորման հիմնախնդիրները, լուծման ուղղությունները» թեմայով աշխատանքային քննարկում, որտեղ բացման խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

«Կրթության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի (ԱԴԴ մանկավարժական աշխատողների ատեստավորման և մի շարք լիազորող նորմեր) ներկայացման շուրջ ծավալված քննարկմանը զեկույց է ներկայացրել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, որը հակիրճ խոսել է նախատեսվող բարեփոխումների նպատակները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Արտադպրոցական կրթության կարգավորմանը վերաբերող դրույթներում առկա էին որոշակի անհստակություններ, որոնք թույլ չէին տալիս միասնական մոտեցում ցուցաբերել ոլորտում իրականացվող փոփոխություններին: Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարության կողմից մշակվել են կրթության մասին օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական առաջարկներ, որոնք հնարավորություն կտան ունենալ լիազորված մարմիններ, որոնց միջոցով կկարգավորվի արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների մասնագիտական զարգացման գործընթացը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Ըստ աղբյուրի՝ նախարարի տեղակալն անդրադարձել է  արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների, մարզիչների, խմբավարների և մանկավարժական ամբողջ կազմի կամավոր ատեստավորման անհրաժեշտությանը, որը նրանց վարձատրության բարելավման հնարավորություն կտա . «Հարկ է նշել, որ արտադպրոցական ուսումնական հաստատությունները գործում են տարբեր կառույցների ենթակայության տակ, ուստի, պայմանավորված աշխատավարձերի անհամաչափությամբ, մի շարք խնդիրներ կան: Արդյունավետ համակարգելու համար դրանք միասնական դաշտ բերելու անհրաժեշտություն կա»:

Արաքսիա Սվաջյանը քննարկման մասնակիցներին նաև ներկայացրել է արտադպրոցական ուսումնական հաստատությունների 2021-2022 ուստարվա մարդկային ռեսուրսների վերաբերյալ որոշակի տվյալներն ու դրանց հիման վրա արված վերլուծության արդյունքները:

«Երաժշտական, գեղարվեստի և մանկապատանեկան- ստեղծագործական շուրջ 240 դպրոց ու կենտրոն է գործել նախորդ ուստարում, որոնցից 50-ը՝ Երևանում: Գործող 174 մանկապատանեկան մարզադպրոցներից 13-ը ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ է եղել, 39-ը՝ Երևանի քաղաքապետարանի: Արվեստի ոլորտի դպրոցներում ու կենտրոններում 5.099 մանկավարժ է դասավանդել, մարզադպրոցներում՝ 2.104:

Ինչ վերաբերում է լրավճարների գործընթացին, նախարարի տեղակալը նշել է, որ վերլուծելով 2023 մանկավարժերի թիվը,  ենթադրվում է, որ կամավոր ատեստավորման գործընթացին կարող են մասնակցել 2.161 մանկավարժ, նրանցից 593-ն առնվազն կմասնակցի կամավոր ատեստավորմանը, իսկ 125-ը, ամենայն հավանականությամբ, կկարողանան գրանցել դրական արդյունքներ: Արվեստի ոլորտի 5.099-ը մանկավարժից 1.759 կարող է մասնակցել գործընթացին, իսկ շուրջ 360-ը դրական արդյունքներ կարող են գրանցել: Ընդհանուր առմամբ՝ 494 մասնագետ այս տարի կկարողանան կամավոր ատեստավորման արդյունքում լրավճար ստանալ»,- հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Նախարարի տեղակալը նշել է, որ հանրային քննարկման ներկայացված կամավոր ատեստավորման կարգի նախագծով՝ մինչև 69 տոկոս արդյունք գրանցած մասնագետները կհամարվեն ատեստավորված, սակայն լրավճար չեն ստանա: 70-ից ավելի միավոր հավաքած մասնագետները որոշակի լրավճար կստանան: 90-100 տոկոսի դեպքում՝ 138.300 դրամ լրավճար ստանալու հնարավորություն կընձեռվի, 80-89 տոկոսի դեպքում՝ 111.500 դրամ, 70-79 տոկոսի դեպքում՝ 80.600 դրամ:

Արաքսիա Սվաջյանը հավելել է, որ  բարեփումներով նախատեսվում է նաև գործընթացում ներգրավվել ոլորտում չաշխատող մանկավարժներին, ինչը հնարավորություն կտա լուծել նաև կադրերի համալրման խնդիրը:

--00—ԶՀ