ՄԱԿ ՄԻ հանձնակատարը կարևորել է Լաչինով տեղաշարժը և բնակչությանը հումանիտար աղետից զերծ պահելը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

3862272e-0ae5-4817-b95f-cf480fb2dfb8.jpg

Ժնևում հունիսի 19-ին գումարվել է Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի  53-րդ նստաշրջանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օրակարգի երկրորդ կետի ներքո աշխարհում մարդու իրավունքների առկա իրավիճակի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Ֆոլկներ Թյուրքը։

Անդրադառնալով Հարավային Կովկասի տարածաշրջանին, նա, մասնավորապես,  Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել խաղաղության ջանքերը խարսխել մարդու իրավունքների վրա: Հանձնակատարն ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժվելու և խաղաղ բնակչությանը հումանիտար ազդեցությունից զերծ պահելու կարևորությունը։

Ֆոլկներ Թյուրքը նշել է, որ ՄԱԿ Մարդու իրավուքների բարձր հանձնակատարի գրասենյակը տարիներ շարունակ ձգտել է մուտք գործել Հարավային Կովկասի տարածաշրջանի դե ֆակտո իշխանությունների արդյունավետ վերահսկողության տակ գտնվող տարածքներ: Նա շեշտել է, որ մարդիկ ավելի խոցելի են դառնում ՄԱԿ-ի մարդու իրավուքներով զբաղվող կառույցների հետ շփման և նրանց կողմից կանոնավոր մոնիտորինգի բացակայության պայմաններում: ՄԱԿ-ի Թյուրքը նաև շեշտել է, որ մուտքն այդ տարածքներ հնարավորություն կտա իրականացնել մարդու իրավունքների գնահատումներ և լուծել մարդկանց կարիքները, ինչպես նաև օգնել վստահության ձևավորմանը:

--00--ԶՀ