Էդ փոխնախարարն ի՞նչ կրթություն է ստացել, նվաստացնում է ժողովրդին. Փարավոն Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

Եթե դու պետություն ես, ուրեմն պետք է այդ կոչումներն ունենաս: Ինչ վերաբերում է նրան, որ այդ կոչումները մի քիչ շռայլել են` պատահական մարդկանց էլ են տվել, դա չի նշանակում, որ պետությունը կոչումներ չպիտի ունենա: Էդ փոխնախարարը չգիտեմ ինչ կրթություն է ստացել, որ երկրում է սովորել, բայց այդպիսի բան չի կարելի, դա նվաստացնում է մեր ժողովրդին, արվեստին, կերպարվեստին և ցույց է տալիս, որ մենք համարյա պետություն չենք: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը՝ անդրադառնալով ԱՆ փոխնախարար Արմենուհի Հարությունյանի՝ այսօր ԱԺ ամբիոնից հնչեցրած արտահայտությանը, թե մեր ժողովրդական արտիստներին, նկարիչներին ազգը չի ճանաչում, այդ թվարկված անունների ցանկում էր նաև Փարավոն Միրզոյանի անունը։

Միրզոյանի խոսքով, եթե ազգը ժողովրդական արտիստին, նկարչին, երգչին, դերասանին չի ճանաչում, ուրեմն դա պետության մեղքն է՝ պատշաճ չեն ներկայացնում։ Դիտարկմանը, թե այս նախագծի քննարկումն արդարացնում են նրանով, որ միջազգային պրակտիկայում նման բան չկա, Միրզոյանը նշեց․ «Ուրիշ երկրները զարգացած պետություններ են, իսկ դու ոչ զարգացած պետություն ես, քեզ համար դա շատ կարևոր է, իսկ նրանց մոտ դրա անունի տարբերակն է: Բոլոր երկրներն էլ ունեն կոչումների արտահայտվելու ձև, կարող է չի կոչվում վաստակավոր նկարիչ, ուրիշ անուն ունի, դա չի նշանակում, որ տվյալ պետությունը չունի»:

Փարավոն Միրզոյանը հավելեց, թե իր կարծիքով այդ թեման ԱԺ-ում չպետք է քննարկվի, «դա լրիվ սխալ մոտեցում է հայ կերպարվեստին, ժողովրդին և ընդհանրապես պետությանը»։ «Եթե դուք ուզում եք՝ ձեզ կոչեն պետություն, այդ կոչումները պետք է մնան, բայց ես կողմնակից եմ, որ չի կարելի այդ կոչումները շռայլել պատահական մարդկանց»,- մատնանշեց նկարիչը:

Հարցին թե ո՞ւմ է տրվել պատահական կոչումներ, Միրզոյանը խուսափեց պատասխանել․ «Դուք հիմա էնպիսի հարց եք տալիս, որ ես կարող եմ 10 հոգու անուն տալ և թշնամանալ այդ նկարիչների, երգիչների կամ դերասանների հետ: Իրենք պետք է լուրջ հանձնաժողով ունենան, և Փարավոն Միրզոյանի նման մարդիկ պետք է լինեն այդ հանձնաժողովում, որ պատահական երգչի, դերասանի, նկարչի կոչումներ չտան»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Մանուկյան

 

--00—ԱՊ